Հայաստանը կդառնա համաշխարհային գինեգործության կենտրոն. 2026թ.-ին Երևանում կանցկացվի Concours Mondial de Bruxelles-ը

2026 թվականի մայիսին Հայաստանը կդառնա համաշխարհային գինեգործության կենտրոն


ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․2026 թվականի մայիսին Հայաստանը կդառնա համաշխարհային գինեգործության կենտրոն։


Երևանում կանցկացվի հեղինակավոր Concours Mondial de Bruxelles գինու միջազգային մրցույթը, որն իր շուրջ կհավաքի ավելի քան 400 փորձագետների աշխարհի 65 երկրներից։


Այս մասին «Արմենպրես»-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։


Նա տեղեկացրել է, որ միջոցառման հյուրընկալման շուրջ աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականից, և բավականին երկար բանակցություններից հետո՝ 2025 թվականի փետրվարին, ստացվել է վերջնական համաձայնությունը, որ 2026 թվականին Հայաստանը կարող է հյուրընկալել միջոցառումը։


«Ծրագիրն այնպես ենք մշակել, որ ոչ միայն մեր հյուրերն այդ մթնոլորտում լինեն, այլև ամբողջ քաղաքը և շրջանները»,- նշել է Մուրադյանը։


Նրա խոսքով՝ սա հնարավորություն է գինեգործական ընկերությունների համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը և ստեղծելու գործարար կապեր, քանի որ Հայաստան են այցելելու մեծ թվով գնորդներ, լրագրողներ և գինեգետներ։


Ծրագիրը 5-օրյա է։ Միջոցառումը սովորաբար 4 օր է տևում, սակայն հայկական կողմի խնդրանքով կտրամադրվի ևս մեկ հավելյալ օր, որպեսզի ժյուրին հնարավորություն ունենա այցելել Վայոց Ձոր և Արենի։


Բացի այդ, ամեն օր հյուրերը կգնան գինեգործական շրջաններ՝ այցելելով ոչ միայն ընկերություններ, այլև ծանոթանալով պատմամշակութային վայրերին, զբոսաշրջային ուղղություններին և հայկական մշակույթին։

Leave a comment