Իրան-ԱՄՆ բանակցությունների նոր վայր ու ձևաչափ է քննարկվում. Մարկո Ռուբիո

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի հետ Թուրքիայում բանակցություններ անցկացնելու հարցը համաձայնեցված էր համարում, բայց հիմա նոր վայր ու ձևաչափ է քննարկվում։

Ավելի վաղ «Axios»–ը գրել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները Թուրքիայից կտեղափոխվեն Օման: Լրատվամիջոցի տվյալներով՝ Իրանը պահանջել է փոխել առաջիկա ուրբաթ նախատեսված բանակցությունների տեղն ու ձևաչափը:

Թեհրանը ցանկանում է հանդիպումն անցկացնել երկկողմ ձևաչափով` միայն ԱՄՆ-ի հետ, ոչ թե արաբական մի քանի երկրների մասնակցությամբ։

«Մենք կարծում էինք` ունենք Թուրքիայում բանակցություններ անցկացնելու համաձայնեցված հարթակ, որը ձևավորվել է մի շարք գործընկերների մասնակցությամբ, որոնք ցանկանում էին ներկա լինել և մաս կազմել այդ գործընթացին: Սակայն երեկ ես տեսա Իրանից եկող հակասական հաղորդագրություններ այն մասին, որ նրանք չեն համաձայնել դրան: Այնպես որ այդ հարցը դեռ մշակվում է»,- ասել է Ռուբիոն Պետդեպարտամենտում հանքանյութերին նվիրված միջոցառման ժամանակ։

Իրանի հետ բանակցությունների համատեքստում նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը պատրաստ է ցանկացած շփման ու հանդիպման. Վաշինգտոնը դա որպես զիջում չի դիտարկում:

«Նախագահ Թրամփը պատրաստ է խոսել և հանդիպել աշխարհի բոլոր մարդկանց հետ։ Մենք հանդիպումները զիջումներ կամ լեգիտիմացում չենք համարում», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment