«Մեր մեջ տարբերությունը դա է. իրենք կարմիր գծեր չունեն, ամոթի զգացում չունեն: Բայց մեկ-մեկ կարմիր գիծ չունեցողը և ամոթի զգացում չունեցողը առավելություն է ստանում, և երբ իշխանության են լինում, այդ առավելությունը եռապատկվում է, որովհետև այն մարմինները, որոնք պետք է զսպեն նման կեցվածքը, փոխարենը օգնում են դրա տարածմանը: Տարբերությունը սա է, և մենք սա պետք է շտկենք: Հակառակ դեպքում մենք երկիր չենք կառուցելու:
Հիմա երեք փաստ կցանկանամ արձանագրել:
Փաստ առաջին. իշխանությունը գալիս է ընտրություններին այսպիսի վիճակով. պարտված պատերազմ, թշնամուն հանձնած տարածքներ, հազարավոր զոհեր և վիրավորներ: Սա փաստ է, ոչ ոք չի ժխտում. իրենք էլ չեն ժխտում: Ասում են ուղղակի՝ «մինչև մեզ էր» և «կանխատեսված էր այս ամենը»:
Փաստ երկրորդ. պառակտված հասարակություն, եկեղեցու դեմ պայքար, ինքնության վրա հարձակում: Ես չեմ էլ փորձում հիմնավորեմ, որովհետև արդեն այդ փաստն իրենց ծրագրում ուղղակի ամրագրված է:
Եվ փաստ երրորդ. աշխարհաքաղաքական արկածախնդրություն: Իրենք ձեռք չբերած բարեկամներին թշնամացնում են, եղած դաշնակիցների հետ հարաբերությունները վատացնում: Սրա հետևանքները շատ ծանր են լինելու. մեր աչքի առաջ է սա կատարվում»,- այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Եղվարդում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: