ՆԳՆ–ն «Վերջին զանգի» օրերին դպրոցներում ուժեղացված ծառայություն կիրականացնի

Բաժանորդագրվել

Ոստիկաններն անզիջում են լինելու ոչ սթափ վիճակում վարորդների նկատմամբ և նաև անչափահասների կողմից ավտոմեքենա վարելու դեպքերին են խիստ արձագանքելու։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ ՀՀ ներքին գործերի նախարարությունը «Վերջին զանգի» օրերին դպրոցներում և ժամանցի վայրերում ուժեղացված ծառայություն է իրականացնելու։ Ինչպես տեղեկացնում է գերատեսչությունը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ մայիսի 22-23-ին հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման պատշաճ կազմակերպման նպատակով։

Հանրապետության 1051 դպրոցներում, ինչպես նաև ժամանցի վայրերում անցկացվող միջոցառումների ժամանակ պատշաճ ծառայություն իրականացնելու նպատակով կկիրառվեն հավելյալ անվտանգային մեխանիզմներ։

«Կայուն պահակակետերի և շրջիկ ծառայությունների ներգրավմամբ դպրոցներում և հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն․ ներգրավված են լինելու ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունները»,–ասված է հաղորդագրությունում։

Պարեկային ծառայությունը վերահսկողություն կիրականացնի բանուկ խաչմերուկներում, հանդիսությունների սրահներին հարակից տարածքներում։

Գվարդիայի ծառայողները կապահովեն հասարակական կարգի պահպանումը։ Համայնքային ոստիկանները ծառայություն կիրականացնեն առանձնացված տարածքներում և ռիսկային գոտիներում։

Անչափահասների մասնակցությամբ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով ժամանցի վայրերում ծառայություն կիրականացնեն նաև քրեական ոստիկանները։

Ցուցուլյանը հրահանգել է անզիջում մոտեցում ցուցաբերել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցն անչափահասին վստահելու դեպքերին։

Leave a comment