ԵՄ-ն համաձայնեցրել է ամերիկյան ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի վերացումը

Եվրախորհրդարանի և ԵՄ Խորհրդի բանակցողները նախնական համաձայնության եկել Միացյալ Նահանգներից  արդյունաբերական ապրանքների ներմուծման համար սահմանված ԵՄ մաքսատուրքերը վերացնելու, ինչպես նաև ամերիկյան ծովամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի որոշակի տեսակների համար եվրոպական շուկաներ արտոնյալ մուտք տրամադրելու վերաբերյալ: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սա Եվրամիությանը մոտեցնում է Բրյուսելի և Վաշինգտոնի միջև 2025 թվականի հուլիսին կնքված համաձայնագրի իր մասի կատարմանը: Այս քայլը, հավանաբար, կկանխի ԵՄ ապրանքների համար ԱՄՆ մաքսատուրքերի բարձրացումը, նշում է AFP-ն։

«Կայուն, կանխատեսելի և հավասարակշռված տրանսատլանտյան գործընկերության պահպանումը բխում է երկու կողմերի շահերից։ Այսօր Եվրամիությունը կատարում է իր պարտավորությունները։ Մենք համաշխարհային առևտրում հուսալի և պատասխանատու գործընկեր ենք և կմնանք»,- ասել է ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի էներգետիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Մայքլ Դամիանոսը։

Հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը վերացնելու որոշումն ուժի մեջ է մինչև 2029 թվականի վերջը։

ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը կնքվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև 2025 թվականի հուլիսին։ Դրա համաձայն՝ Վաշինգտոնը կպահպանի եվրոպական ապրանքների 15% մաքսատուրքերը բոլոր ոլորտներում՝ բացառությամբ պողպատի և ալյումինի, որոնք կենթարկվեն 50% դրույքաչափի։

Իր հերթին, ԵՄ-ն պարտավորվել է վերացնել բոլոր ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը և բացել իր շուկան ամերիկյան ապրանքների լայն տեսականիի համար, այդ թվում՝ ծովամթերքի, կաթնամթերքի, խոզի մսի և սոյայի յուղի։ Սակայն, համաձայնագրի վերջնական տեքստը պահանջում էր ԵՄ հաստատում, ինչը, ըստ AFP-ի, ավելի ու ավելի էր նյարդայնացնում նախագահ Թրամփին։

ԵՄ Խորհրդի հաղորդագրության համաձայն՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Եվրամիության ամենամեծ առևտրային գործընկերը, նրանց տնտեսական հարաբերությունները կազմում են համաշխարհային առևտրի գրեթե 30 տոկոսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment