Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին լուրերը։ Ավելի վաղ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ այս մրցաշրջանի ավարտին Գվարդիոլային փոխարինելու է Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան, որը 3 տարվա պայմանագիր է կնքելու մանչեսթերցիների հետ։
«Կարող էի պատասխանել, որ ունեմ դեռ մեկ տարվա պայմանագիր։ Իմ փորձից և տարիների ընթացքում ունեցած զրույցներից ելնելով՝ երբ դուք՝ լրագրողներդ, մրցաշարի ժամանակ ինչ-որ բան եք հայտարարում, այն միշտ վատ է ավարտվում։
Առաջին մարդը, որի հետ ես պետք է խոսեմ, ակումբի ղեկավարն է, քանի որ մենք միասին կկայացնենք որոշումը։ Կխոսենք և հետո որոշում կկայացնենք։ Ես դեռ ունեմ մեկ տարվա պայմանագիր։
Ես չեմ պատասխանի ձեզ, քանի որ նախ պետք է խոսեմ խորհրդի նախագահի, խաղացողների և իմ անձնակազմի հետ։
Ես մոլորակի ամենաերջանիկ մարդն եմ, որովհետև աշխատում եմ այս ակումբում։ Այս ակումբը յուրահատուկ է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Խոսեպ Գվարդիոլան 2016 թվականից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին», որի հետ նվաճել է 20 տիտղոս։