Մոսկվան դժգոհ է Երևանի վերջին որոշումներից․ Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ վերջին շրջանում Հայաստանի ղեկավարության մի շարք քայլեր հակասում են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Նրա խոսքով՝ Մոսկվայում ուշադրությամբ հետևում են Երևանի արտաքին քաղաքական որոշումներին և ակնկալում են փոխադարձ վերաբերմունք դաշնակցային համագործակցության շրջանակում։
Շոյգուն այս մասին խոսել է Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում՝ ընդգծելով, որ ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են պատմական կապերի և երկարամյա համագործակցության վրա։
Նրա հայտարարության հիմնական դրույթները հետևյալն են․
- Ռուսաստանը Հայաստանին բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութ և բենզին է մատակարարում շուկայական գներից շուրջ երեք անգամ ցածր արժեքով։
- Ռուսաստանի բաժինը կազմում է Հայաստանի գյուղատնտեսական արտահանման մինչև 98 տոկոսը, իսկ թունդ ալկոհոլային խմիչքների արտահանման՝ 78 տոկոսը։
- Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքային թույլտվությունների։ Ըստ Շոյգուի՝ միայն 2025 թվականին նրանք Հայաստան են փոխանցել մոտ 3.9 միլիարդ դոլար։
- 2025 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների շուրջ 40 տոկոսը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, ինչը, ըստ նրա, զգալի աջակցություն է երկրի տնտեսությանը։
- Շոյգուն նշել է նաև, որ 2025-2026 թվականներին Հայաստանի ռազմավարական գործընկերների շարքում հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ «անբարյացակամ» դիրքորոշում ունեցող մի շարք երկրներ։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը քննադատել է նաև Երևանում անցկացված ԵՀՔ գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հարթակ տրամադրելու որոշումը՝ այն որակելով որպես «ծաղր նացիզմի դեմ պայքարած հայերի հիշատակին»։
Շոյգուի խոսքով՝ ռուս և հայ ժողովուրդները կապված են դարավոր բարեկամությամբ և ընդհանուր պատմությամբ, իսկ Ռուսաստանի աջակցությունը կարևոր դեր է ունեցել Հայաստանի ինքնիշխանության պահպանման գործում 1990-ականներին։
Նա նաև հարց է հնչեցրել՝ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններում է Հայաստանը ապագայում Եվրամիությանը մատակարարելու հայկական ծիրան, իշխան և հանքային ջուր։
Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը՝ հավելելով, որ Մոսկվան հասկանում է Երևանի ցանկությունը օգտվել երկկողմ համագործակցության հնարավորություններից, սակայն դա, նրա ձևակերպմամբ, «երկկողմանի փողոց է»։