ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան

Քաղաքականություն

20.05.2026 | 18:54

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանի փաստաբան Վարդան Ալոյանը Քննչական կոմիտեից պահանջում է անհապաղ հերքում հրապարակել «Նարեկ Կարապետյանի հասցեին հրապարակված զրպարտության մասով»։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն այսօր առավոտյան հաղորդագրություն տարածեց, ըստ որի ՔԿ-ի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը:

«Ձեր կողմից 20.05.2026 թվականին կատարված հրապարակումը ներկայացվել է որպես փաստ առ այն, որ իբրև թե Նարեկ Կարապետյանը «թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը» և «դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»: Նշվածը հանդիսանում է զրպարտություն։ Քննչական կոմիտեն ստացված տեղեկությունների հիման վրա վարույթ հարուցելու պարագայում իրավունք չունի ուսումնասիրման ենթակա տեղեկությունը հանրությանը ներկայացնել որպես հաստատված փաստ` մոլորեցնելով հանրությանը և ակնհայտորեն վիրավորելով անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Եթե հերքումը անհապաղ չհրապարակվի բոլոր այն վայրերում, որտեղ կոմիտեն հրապարակել է զրպարտություն հանդիսացող տեղեկությունը, ապա իրավունքների պաշտպանության համար համապատասխան հայց կներկայացվի դատարան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Կարապետյանի փաստաբանը։

Նարեկ Կարապետյանն այսօր Factor TV-ի լրագրողի հարցին ի պատասխան շարունակեց պնդել, որ ՀՀ քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն երբեք չի ունեցել․ «Իրավաբանները դիմել են ՌԴ դեսպանատուն, ամենայն հավանականությամբ, որպեսզի պատասխան տրվի»։

Factor․am-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվեց՝ պատրաստվո՞ւմ են հերքում տարածել, իրավապահ կառույցի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը նշեց՝ չեն մեկնաբանում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment