Ներկայացնում ենք The Daily Californian պարբերականում հրապարակված “Armenian students do not have to constantly prove that their history is real” հոդվածի հայերեն թարգմանությունը:
Անամարիա Աբնուսին Կալիֆորնիայի համալսարանի ուսանողների ասոցիացիայի (ASUC) սենատոր է, որը ներկայացնում է հայ ուսանողներին: Նա աջակցել է համալսարանում Հայոց ցեղասպանության իրազեկման շաբաթվա շրջանակում միջոցառումների կազմակերպմանը:
Անամարիա Աբնուսի
Չնայած մեզ ջնջելու փորձերին՝ մենք դեռ այստեղ ենք:
Որպես հայ ուսանողներ, մենք այս խոսքերը մեզ հետ կրում ենք համալսարանի կամպուսում քայլելիս՝ գիտակցելով, որ նույնիսկ այս պահին, երբ հիշում ենք կոլեկտիվ բռնությունն ու տրավման, մեր շուրջը կան ձայներ, որոնք հարցականի տակ են դնում, թե արդյոք ընդհանրապես հիշելու բան կա։
Երբ ASUC-ի Սենատը բանաձեւեր ընդունեց՝ ապրիլի 24-ը պաշտոնապես ճանաչելով որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, իսկ սեպտեմբերի 27-ը՝ որպես Արցախի հիշատակի օր, Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի (UC Berkeley) ուսանողական խորհուրդը կարեւոր քայլ կատարեց՝ կոտրելով Հայոց ցեղասպանության շուրջ երկարատեւ ինստիտուցիոնալ լռությունն ու կարգավորելով այդ վայրագությունների շուրջ ժխտողականությունը:
19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կառավարությունը նախքան հայ առաջնորդներին ու մտավորականներին գլխատելը կոտորեց հարյուր հազարավոր հայերի՝ հայ ժողովրդին թողնելով առանց առաջնորդների։ Հետագա տեղահանությանը հաջորդեցին բռնաբարությունները, սովը եւ կոտորածը, որոնց զոհ գնաց մոտ 1.5 միլիոն հայ։
2022 թվականին Ադրբեջանը սկսեց Արցախի շրջափակումը, որը տեւեց ինը ամիս՝ 120,000 հայի թողնելով առանց սննդի, դեղորայքի, վառելիքի եւ ջեռուցման։ Հաջորդ տարի Ադրբեջանը սկսեց մեկ այլ հարձակում՝ 72 ժամվա ընթացքում բռնի տեղահանելով ավելի քան 100,000 հայի՝ փաստացի հայաթափելով Արցախի Հանրապետությունը։
Ադրբեջանը իրականացրեց ռազմական գործողությունների, շրջափակման եւ հիբրիդային պատերազմի շարունակական արշավ, որը հատուկ ուղղված էր բնիկ հայ բնակչության դեմ եւ նպատակ ուներ հայաթափելու տարածաշրջանը։ Միջազգային իրավունքի համաձայն՝ այս ամենը համարվում է էթնիկ զտում։ Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է հայերին պատանդ պահել Բաքվում՝ նրանց ենթարկելով կտտանքների։
Եվ այնուամենայնիվ, նույնիսկ այստեղ, նույնիսկ հիմա, ժխտումը շարունակվում է։
Մինչ հայ ուսանողները ակտիվորեն հրապարակումներ են անում, կրթական միջոցառումներ կազմակերպում եւ ոգեկոչում ցեղասպանության տարելիցը համալսարանի կամպուսում, Բերկլիի համալսարանի որոշ ուսանողներ շարունակում են կրկնել թուրքական եւ ադրբեջանական կառավարությունների ժխտողական թեզերը՝ անտեսելով, աղավաղելով կամ բացահայտորեն մերժելով ցեղասպանության իրականությունը: Ցեղասպանության հիշատակի օրը մեր բողոքի ակցիայի ժամանակ մի թուրք ուսանող ձայնագրում եւ ծաղրում էր մեզ: Հայ ուսանողի հետ խմբային չաթում ադրբեջանցի ուսանողները պնդում էին, որ հայկական հուշարձանները Ադրբեջանի հողում են գտնվում՝ կրկնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածած քարոզչությունը: The Daily Californian պարբերականի՝ Հայոց ցեղասպանության իրազեկման շաբաթվան նվիրված ինստագրամյան գրառման տակ մի օգտատեր մեկնաբանություն էր գրել՝ փորձելով հերքել ցեղասպանության պատմական ճշմարտությունը եւ վեճի բռնկվելով հայ ուսանողների հետ։ Այդ մեկնաբանությունը հետագայում ջնջվեց։
Այս դեպքերը դրսի դիտողների համար կարող են աննշան թվալ, բայց դրանք հաստատում են, որ ժխտումը միայն արտասահմանյան կառավարություններով չի սահմանափակվում:
Եվ նույնիսկ երբ ժխտումն այդքան ակնհայտ չէ, այն նույնքան ցավոտ է։
Հայոց ցեղասպանության իրազեկման շաբաթվա շրջանակում ֆիլմերի դիտման երեկո կազմակերպելիս մենք բախվեցինք անհավանական թվով ինստիտուցիոնալ խոչընդոտների։ Դիմեցինք Դոուի գրադարանին (Doe Library)՝ տարածքի տրամադրման հայտ ներկայացնելով եւ հույս ունենալով միջոցառման ավելի մեծ տեսանելիության համար ամրագրել Glade բացօթյա տարածքը։ Սովորական չորսօրյա ժամկետի փոխարեն գրադարանի աշխատակիցներից երկու շաբաթ պահանջվեց պատասխանելու համար։
Միջոցառումների անցկացման ծառայությունների պահանջով որոշեցինք միջոցառումը տեղափոխվել West Crescent բացօթյա վայր, որը նույնպես ապահովում էր ցանկալի տեսանելիություն: Սակայն դա մեզ անել չհաջողվեց, քանի որ Շրջակա միջավայրի, առողջապահության եւ անվտանգության գրասենյակը հեռախոսով մեզ տեղեկացրեց, որ «մոռացել է» պատասխանել մեր հայտին, ինչի արդյունքում Հայ ուսանողական ասոցիացիան ստիպված եղավ միջոցառումը տեղափոխել փակ տարածք:
Նման սթրեսից, անորոշությունից եւ խափանումներից կարելի էր խուսափել, եթե միջոցառումների հաստատման կամ մերժման համար կիրառվող չափանիշների վերաբերյալ ավելի մեծ վարչական թափանցիկություն լիներ, հատկապես երբ այլ գրանցված ուսանողական կազմակերպություններին թույլատրվում է նմանատիպ ծրագրեր իրականացնել: Երբ հաղորդակցությունը դանդաղ է, հարցումները անտեսվում են, եւ հայկական միջոցառումները դիտարկվում են որպես երկրորդական մտահոգություններ, դա ցավալի ուղերձ է հղում այն մասին, թե ում պատմությունն է առաջնահերթ համարվում, եւ ում վիշտն է անտեսվում։ Երբ հաստատությունները դանդաղ են արձագանքում հայերի հիշատակի նախաձեռնություններին, մինչդեռ ժխտումը բարձրաձայն եւ հրապարակայնորեն շարունակվում է, լռությունն ինքնին դառնում է վնասի մի մաս։
Պատմաբան Ժուլիեն Զարիֆյանի կարծիքով՝ հայոց պատմությունը ուսումնական հաստատություններում տեսանելի դարձնելը ուղղակիորեն ազդում է դրա ինստիտուցիոնալ ճանաչման հնարավորությունների վրա: Ճանաչումը պատասխանատվության նախապայման է. երբ ոճրագործ պետությունները ժխտում են ցեղասպանությունը, այնպիսի արտասահմանյան ուսումնական հաստատություններ, ինչպիսին Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանն է, սփյուռքի համար դառնում են պատմության կերտման վերջին ամրոցները:
Ահա թե ինչու են կարեւոր այս բանաձեւերն ու հիշատակի միջոցառումները։ Բերկլիում գործող այսքան փոքր հայ համայնքի համար պաշտոնական ճանաչումը ոչ միայն խորհրդանշական է, այլեւ նշանակում է, որ հայ ուսանողները պարտավոր չեն անդադար ապացուցել, որ իրենց պատմությունն իրական է։ Ճանաչումը տարածք է ստեղծում հիշողության համար՝ առանց մերժվելու վախի, եւ ազդարարում, որ համալսարանը պատրաստ է կանգնել ճշմարտության կողքին, նույնիսկ երբ ուրիշները ժխտում են այն։
Կոչ եմ անում համալսարանին պահպանել Սենատի կողմից ընդունված ASUC-ի երկու բանաձեւերը եւ պարտավորվել ամեն տարի համալսարանական ողջ համայնքին էլեկտրոնային նամակներ ուղարկել՝ ապրիլի 24-ը ճանաչելով որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, իսկ սեպտեմբերի 27-ը՝ որպես այն հարձակումների սկիզբ, որոնք հանգեցրին էթնիկ զտումների եւ հայերի տեղահանմանը Արցախից։
Համալսարանները հաճախ ճանաչում են այն ողբերգություններն ու պատմությունները, որոնք խորապես ազդել են ուսանողական համայնքների վրա, իսկ հայ ուսանողներն արժանի են նույն ճանաչմանն ու ինստիտուցիոնալ աջակցությանը։ Բերկլիի կողմից պաշտոնական ճանաչումը կօգնի կրթել համալսարանական ավելի լայն համայնքը, աջակցել այն հայ ուսանողներին, ովքեր դեռ կրում են սերունդներից ժառանգած ցավը, եւ ցույց տալ, որ հիշողությունը չպետք է պայմանավորված լինի քաղաքական նպատակահարմարությամբ։
Աշխարհում, որտեղ հակահայկական քարոզչությունն ու ցեղասպանության ժխտումը շարունակվում են նույնիսկ համալսարանական կամպուսներում, Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանը պարտավորություն ունի ապահովելու, որ հայոց պատմությունը ո՛չ անտեսվի, ո՛չ մոռացվի։
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: