«Փաշինյանն անում է ամեն ինչ՝ հնարավոր պարտությունը կանխելու համար»

Ներկայացնում ենք Փրինսթոնի հանրային եւ միջազգային հարաբերությունների դպրոցի հրավիրված պրոֆեսոր, Human Rights Watch-ի նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթի Can Armenia’s Democracy Prevail? Հոդվածի հայերեն թարգմանությունը:
Քենեթ Ռոթ
Հունգարիայում ժողովրդավարության հաղթանակից հետո, երբ ընտրողները հեռացրին երկարամյա վարչապետ Վիկտոր Օրբանին, Հայաստանը, կարծես, դարձել է ավտոկրատիայի եւ ժողովրդավարության միջեւ գլոբալ մրցակցության հաջորդ մարտադաշտը, թեեւ այդ հակամարտության դրսեւորումները Երեւանում որոշ չափով տարբեր են երեւում։
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին, եւ դրանք կարեւոր փորձություն են՝ հասկանալու համար, թե արդյոք հետխորհրդային այս պետության ներկայիս ղեկավարությունը թույլ կտա երկրին պահպանել ժողովրդավարական զարգացման ուղին։
Զարմանալի չէ, որ Դոնալդ Թրամփը սխալ մոտեցում է ցուցաբերում այս պայքարում։ Ազատ եւ արդար ընտրությունների անցկացման վրա պնդելու փոխարեն՝ նա անվերապահ աջակցություն է հայտնում գործող վարչապետին, որն ավելի ու ավելի է փորձում ընտրական դաշտը թեքել իր օգտին։ Սակայն առավել հիասթափեցնող է այն, որ եվրոպական կառավարությունները հետեւում են այդ օրինակին՝ անտեսելով ժողովրդավարական գործընթացը՝ ռուսական ազդեցությանը հակազդելու անվան տակ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին թավշյա հեղափոխությունից հետո՝ ժողովրդավարական վերափոխումների խոստումով, եւ այդ ժամանակից ի վեր խորացրել է Հայաստանի կապերը Արեւմուտքի հետ։ Սակայն այսօր նա կանգնած է անորոշ հեռանկարի առջեւ. փետրվարյան հարցման համաձայն՝ Փաշինյանն ու նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող են ստանալ ձայների մոտ 20-30 տոկոսը։
Նույն հարցման տվյալներով՝ ընտրողների շուրջ 30 տոկոսը դեռեւս չի կողմնորոշվել, ինչի հետեւանքով ընտրությունների արդյունքը մնում է անկանխատեսելի։ Եթե արդյունքների հրապարակումից հետո վեց օրվա ընթացքում որեւէ քաղաքական ուժ չկարողանա ձեւավորել «կայուն խորհրդարանական մեծամասնություն»՝ ինքնուրույն կամ կոալիցիայի միջոցով, ապա կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ։ Այդ դեպքում ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել՝ Փաշինյանին հաղթելու նպատակով։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որը վերջերս հիմնադրվել է միլիարդատեր Սամվել Կարապետյանի կողմից, դարձել է իշխանության ամենաուժեղ մրցակիցը։ Փետրվարյան հարցման համաձայն՝ այն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն «Քաղաքացիական պայմանագրին»։ «Ուժեղ Հայաստանը» համարվում է Կրեմլի նկատմամբ ավելի բարեկամական ուժ, քան ներկայիս իշխանությունը։ Այնուամենայնիվ, ընդդիմադիր դաշտում կան նաեւ այլ արեւմտամետ քաղաքական ուժեր եւ թեկնածուներ։
Ինչպես երեւաց մարտին Հայաստան կատարած այցիս ընթացքում, Փաշինյանը անում է ամեն ինչ՝ կանխելու իր կուսակցության հնարավոր պարտությունը՝ կիրառելով ավտոկրատական կառավարմանը բնորոշ մեթոդներ։ Նրա կառավարությունը ձերբակալել է ընդդիմադիր գործիչների եւ կալանավորել քննադատող լրագրողների։ Վարչապետը նաեւ խաթարում է դատական համակարգի անկախությունը եւ աննախադեպ միջամտություններ է կատարում Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանը։
Փաշինյանն արդեն գերիշխում է Հայաստանի պետական լրատվամիջոցների քաղաքական լուսաբանման մեջ եւ ավելի հաճախ է օգտագործում պետական ռեսուրսները՝ ընդդիմադիրների նկատմամբ վերահսկողություն եւ ճնշումներ իրականացնելու նպատակով։ «Խուլիգանություն» ձեւակերպմամբ աղոտ մեղադրանքները՝ խորհրդային շրջանից հայտնի գործիքներից մեկը, կրկին կիրառվում են իշխանության քննադատներին լռեցնելու համար։ Պետական ծառայողները, ուսուցիչները եւ նույնիսկ ուսանողները ներգրավվում են իշխող կուսակցությանն աջակցություն հայտնելու գործընթացներում։
Այս ընտրությունները նաեւ լուրջ աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեն։ 2023 թվականին Ադրբեջանը կայծակնային հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում՝ խախտելով 2020 թվականի հրադադարի պայմանավորվածությունները։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո անկլավը հիմնականում վերահսկվում էր այնտեղ բնակվող էթնիկ հայերի կողմից։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանը միջնորդեց 2023 թվականի նոր հրադադարի համաձայնագիրը, որը մեծապես ձեռնտու էր Ադրբեջանին, շուրջ 120,000 էթնիկ հայեր բռնի կերպով տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տներից։
Իր պաշտոնավարման ընթացքում կորցնելով Լեռնային Ղարաբաղը՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ հարցը թողնել անցյալում։ Նա սկսեց հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու վրա՝ տեղահանվածների խնդրի շուրջ ակտիվ դիրքորոշման համար։ Եկեղեցին նաեւ հանդես է գալիս Ադրբեջանում պահվող առնվազն 19 հայերի ազատ արձակման պահանջով։ Փաշինյանի դիրքորոշումը, որը ներկայացվում է որպես խաղաղության օրակարգի մաս, հավանաբար պայմանավորված է Հայաստանի թույլ ռազմական դիրքով, սակայն այն առաջացրել է ներքաղաքական դիմադրություն, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը գործարար եւ բարերար է։ Անցյալ տարի նա ձերբակալվեց այն պատրվակով, որ Փաշինյանի կողմից ազգային եկեղեցու դեմ իրականացվող գործողություններին իր հրապարակային պատասխանը դիտարկվեց որպես կառավարության տապալման սպառնալիք։ Կալանքի ընթացքում Կարապետյանը հիմնադրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ 
Կարելի էր ակնկալել, որ եթե ոչ Թրամփը, ապա Եվրամիությունը կդատապարտեր Փաշինյանի կողմից իրականացվող ընտրական մանիպուլյացիաները՝ դրանք դիտարկելով որպես ժողովրդավարական սկզբունքների խախտում։ Նման իրավիճակ էր նաեւ Հունգարիաում, որտեղ ընդդիմադիր գործիչ Պետեր Մադյարը կարողացավ հաղթանակ տանել՝ չնայած Թրամփի կողմից ավտոկրատ Վիկտոր Օրբանին ցուցաբերված ակտիվ աջակցությանը։ Այդ դեպքում Եվրամիության կողմից ժողովրդավարական չափանիշների պաշտպանությունը՝ միլիարդավոր եվրոների սուբսիդիաները օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի հետ կապելով, իրական ազդեցություն ունեցավ։ 
Այնուամենայնիվ, Փաշինյանը հասկացել է, թե ինչպես չեզոքացնել ընդդիմության նկատմամբ ճնշումների վերաբերյալ եվրոպական հնարավոր առարկությունները. նա պնդում է, որ պայքարում է ռուսական ազդեցության դեմ, եւ եվրոպացի առաջնորդները հավատում են դրան։
Ուկրաինայում եվրոպական կառավարությունները ոչ միայն հակազդում են ռուսական ագրեսիային, այլեւ փորձում են պաշտպանել ուկրաինական ժողովրդավարությունը։ Իսկ Հայաստանի դեպքում, կարծես, նրանց առաջնահերթությունը միայն Ռուսաստանին հակազդելն է։ Հայաստանը հետխորհրդային այն պետություններից էր, որը պահպանել էր սերտ հարաբերություններ Մոսկվայի հետ։ Սակայն այդ հարաբերությունները սկսեցին նրանից հետո, երբ Կրեմլը, կենտրոնացած լինելով Ուկրաինայի պատերազմի վրա, դադարեց պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել Հայաստանը իր ազդեցության գոտում պահելու հարցում։
Այս ընտրություններում Մոսկվան ունի պոտենցիալ դաշնակիցներ։ «Ուժեղ Հայաստանը» հանդես է գալիս Կրեմլի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին՝ շեշտադրելով Ռուսաստանի կարեւոր դերը Հայաստանի տնտեսության մեջ եւ երկու երկրների ավանդական ռազմական կապերը։ «Հայաստան» դաշինքը, որը ձեւավորվել է Հայաստանի նախկին նախագահ եւ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի կողմից, նույնպես ձգտում է Մոսկվայի հետ ավելի սերտ հարաբերություններին։ Երկու քաղաքական ուժերն էլ քննադատում են այն, ինչ իրենք դիտարկում են որպես Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանձնում։ 
Սակայն, մինչ արեւմտյան կառավարությունները կենտրոնացած են Ռուսաստանից բխող սպառնալիքների վրա, նրանք համեմատաբար քիչ ուշադրություն են դարձնում Փաշինյանի կողմից Հայաստանի ժողովրդավարության վրա հարձակումներին։ Ընտրական գործընթացի ընթացքում ռուսական ապատեղեկատվությանը կամ Մոսկվայի հնարավոր այլ ազդեցության մեխանիզմներին հակազդելու փոխարեն՝ արեւմտյան որոշ կառավարություններ, կարծես, ընդունել են Փաշինյանի այն ներկայացումը, թե ինքը հիմնական արեւմտամետ թեկնածուն է։ Արդյունքում, նրանք պայքարում են ոչ թե ազատ եւ արդար ընտրությունների, այլ որոշակի ընտրական արդյունքի համար:
Թրամփը հատկապես բացահայտ աջակցություն է ցուցաբերել Փաշինյանին։ Փետրվարին նա Ջ.Դ. Վենսին ուղարկեց Հայաստան՝ աջակցելու Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին։ Անցյալ օգոստոսին Թրամփի աջակցությամբ ձեւավորված խաղաղության համաձայնագիրը, որը դեռեւս չի իրականացվել, վիճահարույց է, քանի որ նախատեսում է Ադրբեջանին անարգել առեւտրային մուտք տրամադրել Հայաստանի տարածքով՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» շողոքորթ անվամբ նախաձեռնության շրջանակում։ Հայաստանում այս զիջումը լայնորեն ընկալվում է որպես Ադրբեջանի ռազմական արկածախնդրության խրախուսում։ Վենսը իր այցի ընթացքում բացահայտ աջակցություն հայտնեց Փաշինյանի վերընտրմանը։
Եվրոպական կառավարությունները նույնպես քիչ նրբանկատ էին։ Եվրոպական քաղաքական համայնքը՝ 47 պետություններից բաղկացած կառույցը, որը ձեւավորվել է Էմանյուել Մակրոնի նախաձեռնությամբ 2022 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, մայիսի 4-ին գագաթնաժողով անցկացրեց Հայաստանում, որի պաշտոնական նպատակն էր աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը եւ երկիրը մոտեցնել ԵՄ-ին։ Սակայն ընդդիմադիր գործիչները ընտրություններից անմիջապես առաջ կազմակերպված այս հանդիպումը դիտարկեցին որպես Փաշինյանին քաղաքական աջակցություն ցուցաբերելու քայլ։ Մակրոնն էլ ավելի ընդգծեց այդ տպավորությունը՝ Փաշինյանին բնութագրելով որպես «շատ տպավորիչ»։
Եվրամիությունը նաեւ առաքելություն է տեղակայում Հայաստանում ընտրություններից առաջ՝ այսպես կոչված «հիբրիդային սպառնալիքներին» հակազդելու նպատակով. այդ ձեւակերպումը սովորաբար օգտագործվում է ռուսական ազդեցության գործողությունները նկարագրելու համար։ Սակայն ԵՄ-ն համադրելի ջանքեր չի գործադրում Փաշինյանի կողմից ժողովրդավարության դեմ հարձակումների դեմ պայքարելու համար: Մայիսի 5-ին Հայաստանում կայացած գագաթնաժողովի ընթացքում Եվրամիությունը շեշտեց երկրում ժողովրդավարության կարեւորությունը, սակայն չհիշատակեց Փաշինյանի կողմից ներկայացվող սպառնալիքները։
Եվրոպական կառավարությունները պետք է ավելի լավ իմանան, որ չպետք է Փաշինյանի արեւմտամետ հռետորաբանությունը հավասարեցնել ժողովրդավարության նկատմամբ հարգանքի հետ: Այնուամենայնիվ, նրանք, կարծես, պատրաստ են շարունակել Հայաստանը մղել արեւմտյան ուղղությամբ՝ առանց բավարար ուշադրություն դարձնելու, թե ինչպես է երկրի առաջնորդը թուլացնում այն ժողովրդավարական սկզբունքները, որոնք Արեւմուտքը պետք է պաշտպանի։
Դա ցինիկ եւ կարճատես մոտեցում է։ Միջոցները չեն արդարացնում նպատակները, երբ դրանք ակնհայտորեն հակասում են միմյանց։ Եթե Արեւմուտքի հանձնառությունը ժողովրդավարությանը ընկալվի որպես պարզապես հռետորաբանություն, որը հեշտությամբ զոհաբերվում է աշխարհաքաղաքական հաշվարկների համար, ապա դա կխրախուսի տարբեր երկրների առաջնորդներին առաջ քաշել ժողովրդավարությունից հրաժարվելու իրենց սեփական արդարացումները։
Հայաստանին սպառնում է հայտնվել ընտրված ավտոկրատի կառավարման ներքո։ Հետեւաբար, այն բանից հետո, երբ եվրոպական ճնշումը նպաստեց վերականգնել ժողովրդավարությունը Հունգարիայում, եվրոպական կառավարությունները չպետք է հրաժարվեն ժողովրդավարական սկզբունքների պաշտպանությունից Հայաստանում՝ նույնիսկ ի հեճուկս Թրամփի անտարբերության։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Leave a comment