Հայտնի են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման մանրամասները. Hetq

Ապրիլի 29-ին Աղվերանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել եւ փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ 3 ուղեցույցների նախագծերի տեքստերը: Կողմերը պայմանավորվել էին, որ կդիմեն իրենց կառավարություններին՝ ուղեցույցները հաստատելու համար։ Այսինքն՝ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համապատասխան որոշումներով պետք է հաստատեն այս ուղեցույցները: Այս մասին գրում է Հետքը։

Եվ ահա ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում՝ e-draft.am-ում, մայիսի 15-ից մինչեւ 31-ը քննարկման է դրվել 3 ուղեցույցները հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը, որը կազմել է Արդարադատության նախարարությունը:

Սահմանազատումն սկսվել է 2024-ի գարնանը

Հիշեցնենք, որ 2024 թ. օգոստոսի 30-ին երկու կողմերի հանձնաժողովները ստորագրել էին իրենց համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը սեպտեմբերին Սահմանադրական դատարանը ճանաչեց ՀՀ սահմանադրությանը համապատասխանող, իսկ ԱԺ-ն վավերացրեց նույն տարվա հոկտեմբերի 23-ին:

Բայց դեռ այս համաձայնությունից առաջ՝ 2024-ի ապրիլի 19-ին, կողմերն արդեն սկսել էին սահմանազատումը Տավուշի մարզի ուղղությամբ՝ Բաղանիս-Բաղանիս Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրիմլի եւ Բերքաբեր-Ղզլ Հաջիլի հատվածներում (տես ստորեւ՝ քարտեզում), ինչը մեծ բողոքի ալիք բարձրացրեց հատկապես տավուշցիների շրջանում եւ ապա վերաճեց ավելի մեծ բողոքի շարժման («Տավուշը հանուն հայրենիքի»):

Այլ կերպ ասած՝ սահմանազատման պրոցեսն սկսվել էր՝ չսպասելով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի հաստատմանը:

Ընդ որում՝ տեղի է ունեցել ոչ միայն սահմանազատում (դելիմիտացիա), այսինքն՝ սահմանների ճշգրտում քարտեզի վրա, որն այս հանձնաժողովների փաստացի գործառույթն է, այլեւ կատարվել է սահմանագծում կամ դեմարկացիա, այսինքն՝ գետնի վրա, իրական պայմաններում սահման է անցկացվել՝ սահմանային սյուներ են տեղադրվել, փշալարեր են անցկացվել, Կիրանց գյուղի մոտ էլ պատ է կառուցվել:

Իրականացված դեմարկացիայի ընթացքում հայկական զորքը վերը նշված 4 հատվածներում հետ է քաշվել: Եվ միայն մեկ՝ Բերքաբեր-Ղզլ Հաջիլի հատվածում է, որ ադրբեջանցիները հանել են իրենց մարտական դիրքը: Ընդ որում՝ խոսքն ընդամենը մեկ դիրքի մասին է, այնինչ առաջնագծից հանված հայկական մարտական դիրքերը մի քանիսն են եղել: Ամենակարեւորը՝ ադրբեջանցիները, ՀՀ սուվերեն տարածքում՝ Ջողազի ջրամբարի պատվարի մոտ գտնվող իրենց այդ մեկ դիրքը հանելով, այն ընդամենը տեղափոխել են շուրջ 350 մ հեռու, բայց կրկին մնացել են ՀՀ սուվերեն տարածքում։ Պարզապես այս նոր դիրքի տարածքը դուրս է սահմանազատված ու սահմանագծված հատվածներից:

Leave a comment