Քաղաքականություն
20.05.2026 | 11:03
Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 4 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կալանավորումները վերաբերում են մայիսի 19-ի հրապարակմանը։ Ըստ ՀԿԿ-ի՝ պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։
Խմբի անդամները, բացահայտումից խուսափելու և իրենց գործողությունների հետագծելիությունը նվազեցնելու նպատակով, օգտագործել են միջնորդավորված անձանց և նրանց պատկանող ավտոմեքենաները, գումարները տրամադրել են հիմնականում կանխիկ եղանակով, դրանց ստացման և բաժանման գործընթացում ներգրավել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների աշխատողներին ու նրանց շրջապատի անձանց, իսկ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։
Եվգենյա Համբարձումյան
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: