Մայիսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով:
«Տեղ գտնող թշնամանքի ու ատելության խոսույթը, անվայելուչ եւ անպարկեշտ բառապաշարը միմիայն պառակտում եւ առավել բեւեռացնում են մեր հասարակությանը՝ ժողովրդի մեջ առաջ բերելով ընդվզում, հիասթափություն եւ նոր լարվածություն, նաեւ լրջագույն սպառնալիքներ ստեղծելով հայոց պետականության համար։
Անթույլատրելի եւ դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու եւ եկեղեցականության թիրախավորման քայլերը, ինչպես եւ Հայոց Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ արհեստականորեն ներքաշելու փորձերը։
Այս լույսի ներքո խիստ տարակուսելի է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության՝ մայիսի 13-ի միջանկյալ հայտարարության մեջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» վերաբերյալ արձանագրված գնահատականը, որը նկատում ենք ապատեղեկատվությամբ ուղղորդյալ եւ ամբողջովին հակասող ԵԽԽՎ 2026 թ. հունվարի 25-ի թիվ 2633 (2026) բանաձեւին։
Փոխարենը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ԵԽԽՎ-ից ակնկալում է հստակ գնահատականներ Հայաստանում Հայոց Եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած արշավի, հակառակ երկրի օրենսդրական կարգավորումների եւ միջազգային իրավունքի՝ պետական լծակների բացահայտ գործադրմամբ շարունակաբար դրվող արգելքների եւ սահմանափակումների առնչությամբ, որոնք ուղղակի խոչընդոտներ են հարուցում Եկեղեցու հոգեխնամ առաքելության մեջ։
Միջազգային պատկան կառույցների եւ իրավապաշտպան կազմակերպությունների արդարամիտ արձագանքի են սպասում նաեւ աշխարհասփյուռ Հայոց Եկեղեցու ինքնակառավարմանը միջամտելու իշխող քաղաքական ուժի հակաիրավական գործողությունները եւ հատկապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու ազգընտիր Հայրապետի գահընկեցության ճանապարհով Եկեղեցու «բարենորոգման» մասին արձանագրված հավակնությունները. մի քայլ, որ եւս հակականոնական է եւ հակաօրինական։
Գերագույն հոգեւոր խորհուրդը հարկ է նկատում վերստին արձանագրել, որ Եկեղեցուց եւ եկեղեցական իրավասու մարմիններից դուրս որեւէ կառույց՝ անգամ պետական ու քաղաքական իշխանությամբ օժտված, չի կարող իրականացնել եկեղեցական կյանքի «բարենորոգում»։
Ընտրությունների արդյունքում ժողովրդի շնորհած վստահության քվեն բացառապես կարող է օգտագործվել պետական ինքնիշխանությունն ամրապնդելու, երկրի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու, ազգային ինքնությունը զորացնելու եւ հանրային համերաշխությունը վերականգնելու համար»,- ասվում է ԳՀԽ հայտարարությունում:
ԳՀԽ. Անթույլատրելի է Եկեղեցու թիրախավորումը հանուն քաղաքական նկրտումների
Երեւան: Մեդիամաքս: Գերագույն հոգեւոր խորհուրդը հայտարարություն է տարածել՝ «խորապես մտահոգված լինելով ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քարոզարշավի ընթացքում քարոզչական անընդունելի միջոցների, այդ թվում՝ բռնաճնշումների, ոչ իրավաչափ ուժի կիրառման առնչությամբ»: