«Հրապարակ» թերթը գրում է ․ Երեկ, վաղ առավոտյան Փաշինյանին պատկանող լրատվամիջոցն ավետեց, որ Երեւանի մոտ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Իրավապահներն օրվա ընթացքում չմանրամասնեցին՝ ինչ քրեական գործով են խուզարկում մարդկանց բնակարանները:
Լուրեր տարածվեցին, որ խուզարկության պատճառը Փաշինյանի նախօրեին հրապարակած «մասկաներով ահաբեկիչների» տեսագրությունն է զենք-զինամթերք են փնտրում։ Արցախի դրոշի ֆոնին՝ դիմակներով եւ ավտոմատներով զինված 5 անձ Արցախի բարբառով դիմում են Փաշինյանին՝ նշելով, որ գիտեն նրա գտնվելու վայրերը եւ պատժելու են։
Տեսանյութը ցնցումների մեջ գցեց Փաշինյանին, նա Արաբկիրում քարոզարշավի ժամանակ անդրադարձավ դրան, ասաց, որ այդ փախած լակոտներին հայտնաբերելու է, «մասկաները եւ ավտոմատների կոթերը համապատասխան տեղերն է մտցնելու»։ ՔԿ-ն էլ շտապ քրեական վարույթ հարուցեց՝ «Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու եւ հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ»։ Չնայած փորձում են լրջացնել այդ տեսանյութը իբր Փաշինյանի կյանքին են սպառնում, սակայն շատերը համոզված են, որ դա իշխանությունների ձեռքի գործն է, կազմակերպել են՝ լեգիտիմացնելու ընդդիմադիրների նկատմամբ կիրառվելիք հետապնդումները։
Իրավապահ մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն հրահանգ են ստացել՝ համատարած ձերբակալություններ իրականացնել եւ ընդդիմադիր ակտիվիստներին «փակել», քանի որ հարցումները ցույց են տալիս, որ ՔՊ-ի վիճակը ծանր է, ուստի պետք է ընդդիմությանը թուլացնել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում ընտրակաշառքի գործերով հարուցված քրեական վարույթների ֆոնին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, որոշակի խառնաշփոթ է առաջացել։
Վերջին շրջանում իրավապահները պարբերաբար հրապարակում են ձայնագրություններ, որոնցում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, առանձին ընդդիմադիր կուսակցություններին առնչվող անձինք քննարկում են ընտրական գործընթացների հետ կապված պայմանավորվածություններ։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, այս գործընթացների ակտիվացմանը զուգահեռ իրավապահ համակարգում առաջացել է տեխնիկական և մարդկային ռեսուրսների խնդիր․ մասնավորապես՝ գաղտնալսման համար անհրաժեշտ սարքավորումների և այդ աշխատանքն իրականացնող մասնագետների սակավություն կա, չեն հասցնում գաղտնալսել բոլորին։
Ասել է թե՝ իրավապահները պարզապես չեն հասցնում օպերատիվ կերպով գաղտնալսել բոլոր այն անձանց, որոնց նկատմամբ հետաքրքրություն կա ընտրակաշառքի վերաբերյալ վարույթների շրջանակում։
Սա այն էր, ինչ զգուշացնում էին ղեկավարները․ գերլարված օրեր են սպասվում։»։