ՀՀ ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստան–Հնդկաստան ռազմարդյունաբերական համատեղ ծրագրեր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 4-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, պաշտոնատար այլ անձինք։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Հայրապետյանը բարձր է գնահատել Հայաստան–Հնդկաստան համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում՝ ընդգծելով ձևավորված բարեկամական և վստահելի գործընկերության, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման և հետագա ընդլայնման կարևորությունը։
Կողմերն անդրադարձել են նաև ռազմարդյունաբերության ոլորտում արդեն մեկնարկած համագործակցությանը և համատեղ նախագծերին՝ կարևորելով դրանց հետևողական զարգացումն ու ընդլայնումը, քննարկվել են նաև գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների (R&D) ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունները։
Գեներալ Անիլ Չաուհանն իր հերթին ներկայացրել է Հնդկաստանի կառավարության քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև առկա նորարարական ու ստարտափ նախաձեռնությունները՝ վերահաստատելով պաշտպանության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։
Ամփոփելով հանդիպումը՝ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ երկկողմ համագործակցության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ աշխատանքների շարունակման շուրջ։