Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը գնալով ավելի քիչ է հիշեցնում քաղաքական ծրագրերի, գաղափարների ու հաշվետվության ներկայացում և ավելի շատ վերածվում է ընդդիմախոսներին և ընդդիմադիր էլեկտորատին վիրավորելու, վարկաբեկելու և սպառնալու գործընթացի։ Հանրային հարթակներում ու քաղաքացիների հետ շփումներում ձևավորվում է մի խայտառակ պատկեր․ իշխանության ղեկավարը, փոխանակ խոսի երկրի խնդիրների, ծրագրերի և պատասխանատվության մասին, հաճախ ափերից դուրս է գալիս, անձնավորում քաղաքական պայքարը և այն տեղափոխում վիրավորական բառապաշարի դաշտ։

Տպավորությունն այնպիսին է, որ ՔՊ քարոզչության ամբողջ հրապարակային ծանրությունը Փաշինյանն անձամբ է վերցրել իր վրա։ Մինչդեռ շտաբներում, ըստ քաղաքական դաշտից մեզ հասնող տեղեկությունների, ակտիվ գործում են ընտրական նախկին գործընթացներից հայտնի «տասովշիկները», իսկ քաղաքական թիմի զգալի մասը հիմնականում ապահովում է զանգվածային ներկայություն՝ գլխաքանակ։

Այս ֆոնին առավել քան տարակուսելի էր ՔՊ բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Ալեն Սիմոնյանի, Տիգրան Ավինյանի, Անահիտ Ավանեսյանի և մյուսների պահվածքը Փաշինյանի վերջին միջադեպերի ժամանակ։ Փոխանակ փորձեին զսպել նյարդայնացած վարչապետին, հանգստացնել իրավիճակը և քաղաքական գործընթացը պահել արժանապատիվ դաշտում, նրանք փաստացի լուռ հետևում էին, թե ինչպես է երկրի ղեկավարն ընտրողների հետ շփման ժամանակ անցնում բոլոր սահմանները։ Փաշինյանի կողքին կանգնած պաշտոնյաները հռճվում էին՝ չգիտակցելով, որ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող քարոզարշավը վերածել անձնական հաշվեհարդարի։

Մեկ այլ դրվագում էլ Ալեն Սիմոնյանը Փաշինյանին ցույց է տալիս Արթուր Օսիկյանի գրառումը, ինչից հետո վարչապետն առավել է նյարդայնանում և հնչեցնում նոր, ավելի կոշտ ու անթույլատրելի ձևակերպումներ։ Օսիկյանն այս պահին ձերբակալված է, և փորձում են կալանավորել նրան։

Բայց չպետք է մոռանալ, որ երբ խոսքը վերաբերում է Արցախից տեղահանվածներին, պատերազմին, զոհերին և հանրային ծանր վերքերին, չի կարելի խոցել դրանք։

Անգամ իշխանության կողմից առաջադրված Մարդու իրավունքների պաշտպանը, թեև բավականին անատամ և հասցեականությունից զուրկ ձևակերպումներով, այնուամենայնիվ անդրադարձավ նման վարքագծի անթույլատրելիությանը։ Ավելին՝ Փաշինյանի պահվածքը քննադատեցին նաև արևմտյան ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպություններ, որոնք սովորաբար զգուշավոր են իշխանության հասցեին ուղիղ գնահատականներ տալու հարցում։

Այս ամբողջ պատկերը մի կարևոր բան է ցույց տալիս․ ՔՊ թիմի ներսում, կարծես, չկա մեկը, ով նյարդայնացած պահին կարող է մոտենալ Փաշինյանին և ասել․ «Պարոն Փաշինյան, սա գեղեցիկ չէ, սա էթիկայից դուրս է, սա վարչապետին հարիր պահվածք չէ, մի՛ արեք»։ ՔՊ-ականները անգամ հետո չեն քննարկում այդ վարքը, փոխարենը՝ թիմը կամ լռում է, կամ էլ իր ներկայությամբ նախ պրովոկացնում, ապա՝ լեգիտիմացնում այդ վարքագիծը։

Փաշինյանը, չնայած անսահման ռեսուրսներին, իրապես միայնակ է իր ուսերին վերցրել քարոզչությունը․ մյուսները պարզապես ֆոն են ստեղծում՝ գլխաքանակ ապահովելով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Leave a comment