Քննարկվել են Հայաստան–Հնդկաստան ռազմարդյունաբերական համատեղ ծրագրեր

Քաղաքականություն

04.02.2026 | 19:20

Փետրվարի 4-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակության հետ․ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

«Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Մխիթար Հայրապետյանը բարձր է գնահատել Հայաստան–Հնդկաստան համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում՝ ընդգծելով ձևավորված բարեկամական և վստահելի գործընկերության կարևորությունը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման և հետագա ընդլայնման անհրաժեշտությունը։

Կողմերը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում արդեն մեկնարկած համագործակցությունն ու իրականացվող համատեղ նախագծերը՝ կարևորելով դրանց հետևողական զարգացումն ու խորացումը։ Անդրադարձ է կատարվել նաև գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների (R&D) ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին։

Գեներալ Անիլ Չաուհանն իր հերթին ներկայացրել է Հնդկաստանի կառավարության քաղաքականությունը և իրականացվող բարեփոխումները բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև առկա նորարարական և ստարտափ նախաձեռնությունները՝ վերահաստատելով այդ ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ երկկողմ համագործակցության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ աշխատանքների շարունակման շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment