Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով

Քաղաքականություն

19.05.2026 | 22:59

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) հակաահաբեկչական կենտրոնի և հատուկ գործողությունների դեպարտամենտի աշխատակիցները Օմալո, Բիրկիանի և Ջոկոլո գյուղերում անցկացված լայնածավալ գործողության արդյունքում ձերբակալել են երկրի երեք քաղաքացու՝ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու և ահաբեկչական գործունեությանն օժանդակելու գործով հետաքննության շրջանակում, գրում է վրացական Առաջին ալիքը։

Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը և որոշակի հրահանգներ ստացել օտարերկրյա պետությունից՝ ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով։

«Նրանք փորձել են Պանկիսի կիրճում ստեղծել, այսպես կոչված, ջամաաթ՝ ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու և այլ անձանց ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու համար, տարբեր վայրերում գաղտնի հանդիպումներ կազմակերպելով և ահաբեկչական գաղափարախոսություն տարածելով»,- ասվում է հայտարարության մեջ։

Քննության շրջանակում ձերբակալվածների և նրանց հետ կապված այլ անձանց նկատմամբ, դատարանի որոշումների հիման վրա, իրականացվել են գաղտնի քննչական գործողություններ, ինչպես նաև համապատասխան իրավական և օպերատիվ քննչական միջոցառումներ: Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են հրազեն, պայթուցիկ նյութեր, զինամթերք, բջջային հեռախոսներ, համակարգչային սարքավորումներ և այլ էլեկտրոնային կրիչներ, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դրոշը, դրա խորհրդանիշներով իրեր և անձնական փաստաթղթեր:

«Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 328-րդ և 236-րդ հոդվածներով։ Հանցագործությունը նախատեսում է 10-ից 17 տարի ժամկետով ազատազրկում։ Հետաքննությունը շարունակվում է՝ հանցագործությանը մասնակից մյուս անձանց բացահայտելու և նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- հայտարարել է Պետական ​​անվտանգության ծառայությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment