Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին շնորհվել է Եվրոպական արժանիքի շքանշանի բարձր դասի ասպետի կոչում։ Արարողությունը տեղի է ունեեցել Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում: Ուկրաինայի ղեկավարից բացի՝ մրցանակը շնորհվել է նաև Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին և Լեհաստանի նախկին նախագահ, «Համերաշխություն» շարժման առաջնորդ Լեխ Վալենսային: Մերկելը և Վալենսան մրցանակը ստացել են Եվրախորհրդարանի խոսնակ Ռոբերտա Մեցոլայից, մինչդեռ Զելենսկին չի մասնակցել արարողությանը, նշում է DW-ի թղթակիցը։

20 մրցանակակիրներից Ստրասբուրգում ներկա են եղել 13-ը, այդ թվում՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որը պարգևատրվել է Եվրոպական Պատվո շքանշանով, իսկ ուկրաինացի իրավապաշտպան, Քաղաքացիական ազատությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդրա Մատվիյչուկը պարգևատրվել է Եվրոպական արժանիքի շքանշանով։

Այլ դափնեկիրների թվում են իռլանդական U2 խմբի անդամները, Եվրամիության նախկին դիվանագիտության ղեկավար Խավիեր Սոլանան և Ֆինլանդիայի նախկին նախագահ, խորհրդարանի նախկին խոսնակ Սաուլի Նիինիստյոն։

Իր ելույթում Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ասել է, որ Եվրամիությունը «չի տրվել իր քաղաքացիներին ապարդյուն», այլ կառուցվել է «պայմանագիր առ պայմանագիր, ճգնաժամ առ ճգնաժամ»։ Այն կառուցվել է նրանց կողմից, ովքեր հրաժարվել են ընդունել 20-րդ դարի պատերազմների պատճառած ավերածությունները, «նայել են պատերազմի ավերակներին և տեսել ոչ թե վերջը, այլ Եվրոպան վերակառուցելու պարտականությունը», որպեսզի այն դառնա ավելի ուժեղ և ավելի լավը։ Մեցոլայի խոսքով՝ այս մարդիկ «ընտրել են համերաշխությունը՝ կասկածամտության փոխարեն և երկարաժամկետ համագործակցությունը՝ անձնական շահի կարճաժամկետ գայթակղության փոխարեն»։

«Սա այն Եվրոպան է, որը մենք ժառանգեցինք։ Եվ այն մնում է մարդկության պատմության մեջ ամենամեծ քաղաքական նվաճումը»,- ընդգծել է  նա։ ԵՄ-ն գոյություն ունի «շնորհիվ անթիվ մարդկանց փոքր գործողությունների, որոնցից յուրաքանչյուրը, իր ձևով, նպաստել է միության առաջխաղացմանը», – նշել է  Եվրախորհրդարանի խոսնակը։

Իր ելույթում Ալեքսանդրա Մատվիյչուկը նշել է, որ Ուկրաինան երեք դար շարունակ գտնվել է Ռուսական կայսրության ստվերում։

«Ես այստեղ եմ՝ ասելու. Եվրոպա՛, մենք վերադարձել ենք։ Մենք վերադառնում ենք տուն, եվրոպական քաղաքակրթության գիրկը։ Եվ մենք դրա համար վճարում ենք ամենաբարձր գինը»,- ընդգծել է իրավապաշտպանը։

Նա հայտարարել է՝ Պուտինը պատերազմը սանձազերծել է ոչ միայն ուկրաինական հողերը գրավելու համար, այլև որովհետև Ուկրաինան տեսնում է որպես կամուրջ դեպի Եվրոպա․ «Եվրոպական մյուս երկրների ժողովուրդները անվտանգ են միայն այն պատճառով, որ ուկրաինացիները թույլ չեն տալիս ռուսական բանակի հետագա առաջխաղացումը»։

Մայա Սանդուի ելույթը ընդհատվել է մամուլի ներկայացուցիչների պատշգամբից լսվող ճիչերով. մոլդովացի լրագրող ներկայացող մի տղամարդ վիրավորել է Մոլդովայի նախագահին՝ նրան անվանելով բռնապետ։ Նրան դահլիճից դուրս են բերել: Հավաքվածները ծափահարել  են Սանդուին, և նա շարունակել է ելույթը:

Եվրոպական խորհրդարանը նոր շքանշանն անվանում է Եվրամիության կողմից սահմանված առաջին համաեվրոպական մրցանակը։ Դրա ստեղծումը համընկնում է Շումանի հռչակագրի 75-ամյակի հետ, որը համարվում է եվրոպական ինտեգրման մեկնարկային կետը։

Ըստ կանոնադրության՝ այս շքանշանը շնորհվում է այն անձանց, որոնք ակնառու ներդրում են ունեցել եվրոպական միասնականության, ժողովրդավարության և եվրոպական արժեքների պաշտպանության գործում։ Հիմնադիր կանոնների համաձայն՝ ԵՄ պաշտոնյաները շքանշանով չեն պարգևատրվում իրենց պաշտոնավարման ընթացքում։ Սակայն շքանշանը կարող է չեղյալ հայտարարվել, օրինակ՝ լուրջ հանցագործության կամ ԵՄ արժեքներին հակասող գործողությունների դեպքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment