Քաղաքականություն
19.05.2026 | 21:38
Թուրքիայի Մերսին նահանգում երկուշաբթի զինված անձը կրակել և սպանել է վեց մարդու տարբեր վայրերում, այնուհետև ինքնասպան եղել, երբ ժանդարմները շրջապատել են նրա թաքստոցը։ Այս մասին հայտնել է Մերսինի նահանգապետարանը, գրում է Turkiye today-ը։
Հարձակումը, որի հետևանքով նաև 8 մարդ վիրավորվել է Տարսուս և Ջամլիյայլա շրջաններում, վերջին ժամանակներում Թուրքիայի հարավային Միջերկրածովյան տարածաշրջանում տեղի ունեցած ամենամահացու հարձակումն է։
Կրակոցների մասին առաջին հաղորդագրությունը ստացվել է երկուշաբթի՝ տեղական ժամանակով 10:52-ին, Տարսուսի Քադելի թաղամասում։ 37-ամյա Մեթին Օզթուրք անունով կասկածյալը մեքենայով գնացել է Քադելիի ռեստորան, որտեղ աշխատել է մեկ տարի առաջ, և կրակ բացել մեքենայից։ Կրակոցների հետևանքով զոհվել են ռեստորանի 30-ամյա սեփականատեր Սաբրի Փանը և 18-ամյա աշխատակից Ահմեթ Էրջանը։ Օզթուրքը դեպքի վայրից փախել է և հարձակումները շարունակել այլ թաղամասերում։
Ենիքյոյ թաղամասում նա կրակել և սպանել է Գյոքայ Սելֆիօղլուին՝ բենզալցակայանում սպասող բեռնատարի վարորդին։ Ջամլիյայլա շրջանում է սպանել է իր նախկին կնոջը՝ 32-ամյա Արզու Օզդենին։ Նույն թաղամասում տղամարդը սպանել է 50-ամյա Աբդուլլահ Քոջային, Քարաքութուքում՝ 16-ամյա հովիվ Յուսուֆ Օքթային։
Անվտանգության ուժերը ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են ուղարկել՝ Օզթուրքի լայնածավալ որոնումների համար: Նրա լքված մեքենան գտնվել է Քարաքութուք թաղամասի ծայրամասում, իսկ րրեն՝ Օզթուրքին, Չոքաք թաղամասի անտառապատ տարածքի մոտ գտնվող բնակարանում: Ժանդարմների և հատուկ նշանակության ջոկատայինների կողմից շրջապատվելուց հետո Օզթուրքն ինքնասպան է եղել։
Մերսինի նահանգապետարանը հաստատել է մահացածների թիվը և պաշտոնական հայտարարություն տարածել կասկածյալի անցյալի վերաբերյալ։
«Պարզվել է, որ կասկածյալը բազմիցս հոսպիտալացվել է թմրանյութերի ապօրինի օգտագործման և տարբեր հոգեբուժական ախտորոշումների պատճառով։ Մեր անվտանգության ստորաբաժանումները մանրակրկիտ կերպով կատարում են գործի հետ կապված աշխատանքները, դատական և վարչական գործընթացները շարունակվում են»,- ասվում է հայտարարությունում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի