Նրա խոսքով՝ չնայած մրցանակը տրվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, բայց այն երկու երկրների ժողովուրդներինն է. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ և արժանանալ այս պատվին:
Այդ մասին «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին, և նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա կնշանակեր ինչ-որ անհավանական բան: Ահա թե ինչու այն, ինչ տեղի է ունեցել 2025 թվականին և տեղի է ունենում հիմա, անհավանական է», – ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ չնայած մրցանակը տրվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, բայց այն երկու երկրների ժողովուրդներինն է:
«Անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կան հավատ, նվիրվածություն, տեսլական և իմաստություն: Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ դեպքում այն երբեք չի դադարեցվի՝ բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին և ժողովուրդներին», ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է և զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքը։
Փաշինյանը և Ալիևը Արաբական Միացյալ Էմիրություններ են ժամանել` փետրվարի 4-ին ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը։
Վարչապետ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին Ադրբեջանի նախագահ Ալիևի արժանանալն ընդգծում է խաղաղության առաջմղման համար համատեղ ջանքերը։