ՀԾԿՀ 2025թ. հաշվետվություն. Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացում

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում քննարկվել և ի գիտություն է ընդունվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այս մասին տեղեկացրել են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, ներկայացնելով հաշվետվությունը, նշել է, որ 2025 թվականն առանձնացել է օրենսդրական լրամշակումներով և շուկայի կառուցվածքային զարգացմամբ:

Օրենսդրական բարեփոխումներ

Հաշվետու տարում ՀԾԿՀ-ն ներկայացրել է իր դիտողություններն ու առաջարկությունները Ամերիկյան միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի և Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից մշակված մի շարք օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ, այդ թվում՝

  • «Էլեկտրաէներգետիկայի մասին»

  • «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության մասին»

Լրամշակվել են նաև մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոնները, հաղորդման և բաշխման ցանցային կանոնները, գազամատակարարման համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկաները, լիցենզավորման կարգը և կարգավորվող ընկերությունների գնումների նկատմամբ պահանջները:

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացում

Ըստ հաղորդման՝ մեկնարկից չորս տարի անց էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատական հատվածի սպառումն աճի կայուն դինամիկա է արձանագրել՝ կազմելով ներքին ընդհանուր սպառման.

  • 2022 թ.՝ 5.3%

  • 2023 թ.՝ 20.1%

  • 2024 թ.՝ 27.8%

  • 2025 թ.՝ 33.2%

Միայն 2025 թվականին 6-10 կՎ լարման սպառողների շուրջ 474.5 միլիոն կՎտժ սպառման ծավալ է մուտք գործել ազատականացված շուկա:

Սակագների կայունություն

2025 թվականին վերանայվել են բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների և պահեստավորման սակագները, սակայն սպառողներին վաճառվող բնական գազի վերջնական սակագնի փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել: Հաշվետու տարում անփոփոխ են մնացել նաև էլեկտրաէներգիայի և խմելու ջրի սակագները:

Վերականգնվող էներգետիկայի ցուցանիշները (դրությամբ՝ 31.12.2025)

  • Փոքր ՀԷԿ-եր. Գործել է 191 կայան (403 ՄՎտ ընդհանուր հզորությամբ), կառուցման փուլում է գտնվել 20-ը (38 ՄՎտ հզորությամբ):

  • Արևային կայաններ. Գործել է 100 էլեկտրակայան (448 ՄՎտ հզորությամբ), կառուցման փուլում է եղել 42-ը (183 ՄՎտ հզորությամբ):

  • Ինքնավար արտադրողներ. Բաշխման ցանցին միացած սպառողների թիվը գերազանցել է 50 հազարը (ընդհանուր հզորությունը՝ 640 ՄՎտ, միջին ամսական աճը՝ 15–20 ՄՎտ):

Հեռահաղորդակցության ոլորտ

  • Շարժական կապ. Բաժանորդների թիվը կազմել է 4,151,192 (տարեկան աճը՝ 66,792):

  • Շարժական ինտերնետ. Լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը հասել է 3,550,621-ի (աճը՝ 8.9%):

  • Ամրակցված կապ. Գործում է 202 լիցենզավորված օպերատոր (170-ը՝ մարզերում, 32-ը՝ Երևանում)։ Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվն աճել է 3.5%-ով՝ կազմելով 624,985:

Դիմում-բողոքներ և Ֆինանսական ցուցանիշներ

ՀԾԿՀ-ն 2025 թվականին ստացել է 3460 դիմում-բողոք (1906 գրավոր, 1554 բանավոր):

Հանձնաժողովի տարեկան բյուջեն կազմել է 1 միլիարդ 190.2 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 միլիարդ 102.7 միլիոն դրամ (88.5 միլիոն դրամը վերադարձվել է պետբյուջե): Միաժամանակ, կառույցի գործունեության արդյունքում պետական բյուջե է փոխանցվել 10.3 միլիարդ դրամ, որի կառուցվածքն ունի հետևյալ տեսքը.

  • 9.7 միլիարդ դրամ՝ ռադիոհաճախականությունների օգտագործման և թույլտվությունների տրամադրման մուտքեր:

  • 380.23 միլիոն դրամ՝ լիցենզիայի տուրքեր:

  • 227.4 միլիոն դրամ՝ իրավական ակտերի խախտումների համար տնտեսվարողների վճարած տուգանքներ:

Leave a comment