Տարեկան 25 000-ից 60 000 աշխատատեղ․ ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերը

Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը քաղաքացիներին տարբեր ու հաճախ հավակնոտ խոստումներ են տալիս։ «Փաստերի ստուգման հարթակն» այս հոդվածում փորձել է ի մի բերել առաջատար քաղաքական ուժերի՝ քաղաքացիներին հուզող կարևորագույն հարցերից մեկի՝ աշխատատեղերի վերաբերյալ խոստումները։

Մայիսի 19-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ներկայացված են ընտրարշավին մասնակցող 19 քաղաքական ուժերից միայն 9-ի նախընտրական ծրագրերը։ Հիմք ենք ընդունել ԿԸՀ կայքում հրապարակված նախընտրական ծրագրերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հանրային բաց հարթակներում առկա հայտարարություններն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների այն հանրային ելույթները, որոնք պարունակում են աշխատատեղերի վերաբերյալ թվային ցուցանիշներ։

Քաղաքական ուժերի խոստումները՝ թվային թիրախներից մինչև ընդհանրական ձևակերպումներ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստանում է տարեկան առնվազն 25000 նոր աշխատատեղի ստեղծում և աղքատության կրճատում՝ 5 տոկոսային կետով։

*Աղքատության ու տնտեսական այլ ցուցանիշներին կանդրադառնանք հաջորդիվ։

Նախորդ՝ 2021 թվականի Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական ծրագրում քաղաքական ուժը աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ ընդհանրական խոստում չէր տվել․ ծրագրում առկա թվային խոստումները հիմնականում վերաբերել են առանձին ոլորտների։ Այդուհանդերձ, 2021-2025 թվականներին ընդհանուր առմամբ ստեղծվել է 184 084 աշխատատեղ։

2020 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխատատեղերի թիվը կազմել է 637 386,
2021-ին՝ 671 969,
2022-ին՝ 708 906,
2023-ին՝ 745 207,
2025 թվականին՝ 821 470։

Այսպիսով, այս տարվա նախընտրական ծրագրով խոստացված տարեկան 25 000 աշխատատեղի ցուցանիշը ցածր է նախորդ տարիներին արձանագրված աշխատատեղերի աճից։

«Ուժեղ Հայաստան»

Այս կուսակցության քաղաքական խոստումը աշխատատեղերի մասով ավելի հավակնոտ է․ քաղաքական ուժը նախատեսում է ծրագրի իրականացման ժամանակահատվածում՝ հաջորդող 5 տարիների ընթացքում, ստեղծել շուրջ 300000 աշխատատեղ։ Սա ենթադրում է տարեկան միջինը 60 000 նոր աշխատատեղ։

Քաղաքական ուժի այս խոստումները իշխող ուժի տարբեր ներկայացուցիչների կողմից բազմիցս քննադատության են արժանացել և որակվել անիրատեսական՝ առնվազն այն համատեքստում, որ Հայաստանում այդքան աշխատուժ չկա։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն, օրինակ, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով «Մեր ձևով» շարժման կողմից հրապարակված՝ 300 000 նոր աշխատատեղ ստեղծելու խոստմանը, հայտարարել էր«Իսկ ինչո՞ւ 300։ Եկեք 500 գրենք կամ 700, ավելի ճոխ կհնչի։ Մի երկրում, որտեղ, Ազգային վիճակագրական ծառայության գնահատականներով, կա մոտ 124 000 պոտենցիալ աշխատուժ, որը, իհարկե, ամեն տարի նվազում է…»։

Դեռ այդ ժամանակ Հայաստանում աշխատանքային պոտենցիալի թեման ուսումնասիրել էր նաև FIP.am-ն ու արձանագրել, որ թեև Արսեն Թորոսյանի՝ Հայաստանում շուրջ 124 000 պոտենցիալ աշխատուժ ունենալու մասին հայտարարությունը համապատասխանում է պաշտոնական վիճակագրությանը, այդուհանդերձ, տարեկան հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ աշխատուժից դուրս մնացած անձանց թիվը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնապես հաշվարկված 124 000 պոտենցիալ աշխատուժի ցուցանիշը։

Նկատենք՝ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2024 թվականին 15+ տարիքային խմբի հաշվարկով աշխատուժից դուրս մնացած բնակչության թիվը կազմել է 1 094 300 մարդ։ Նրանցից պոտենցիալ աշխատուժ է համարվել 124 400-ը։

«Հայաստան» դաշինք

Այս ուժի  նախընտրական ծրագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում առկա չէ (մայիսի 14-ի դրությամբ-խմբ․)։ Ուստի, քաղաքական ուժի՝ աշխատատեղերի վերաբերյալ մոտեցումները ներկայացրել ենք վարչապետի թեկնածուի հանրային հայտարարությունների հիման վրա։

2026 թվականի մարտի 16-ին կայացած նախընտրական հանդիպման ընթացքում    Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է

«Մենք տարեկան կստեղծենք արդեն հայտարարված 35-45 հազար նոր աշխատատեղ՝ այնքան ժամանակ, մինչև գործազրկության մակարդակը 14%-ից իջնի մինչև 5-6%»։

Ի դեպ,  FIP.am-ն այս տարվա փետրվարին անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանի նշած գործազրկության ցուցանիշին։ Հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված Հայաստանի վիճակագրական տարեգիրքը, որը   ներկայացնում է 2024 թվականի տարեկան արդյունքները՝ մենք արձանագրել էինք, որ 2024 թվականին ԱՄԿ մեթոդաբանությամբ գործազրկության մակարդակը կազմել է 13.4%։ Կոմիտեի 2025 թ․-ի տարեկան վիճակագրությամբ այդ ցուցանիշն ավելի է իջել և կազմում է 12․8

Պարզվում է՝ նախկինում Ռոբերտ Քոչարյանի աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններն ավելի զուսպ են եղել։ 2018 թվականին Sputnik Armenia-ին տված հարցազրույցում նա ասել էր․ «Պետք է հասկանանք, թե ինչ է անհրաժեշտ մեր ժողովրդին կամ ժողովրդի տարբեր հատվածներին՝ պոպուլիզմ, հուզումներ, մարդիկ, որոնք շատ զգացմունքային ճառեր կարող են ունենալ․․․ թե մարդիկ, որոնք, իրենց տեսակից ելնելով, այդքանը չեն կարողանում անել, բայց կարողանում են ստեղծել տարեկան 30-40 հազար աշխատատեղ, կարողանում են ներդրումներ բերել Հայաստան․․․»։

*Հարցազրույցը հրապարակվել է 2018 թվականի օգոստոսի 31-ին, իսկ հետագայում թարմացվել՝ 2019 թվականի հոկտեմբերի 20-ին: 

«Բարգավաճ Հայաստան»

Այս կուսակցությունը 10 առաջարկ Հայաստանին նախընտրական ծրագրի հիմնադրույթներով  ներկայացրել է իր տեսլականը՝ կարևորագույն ու առանցքային ուղղություններով։

Ծրագրի «Միջազգային տնտեսական և տրանսպորտային փոխկապվածություն» բաժնում առկա է նաև աշխատատեղերին վերաբերող դրույթ։ Այն, սակայն, հստակ թվային խոստումներ չի պարունակում։

Մասնավորապես, ծրագրում նշված է․ «նոր աշխատատեղերի ստեղծում՝ ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերի միջոցով»։

Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ծրագրային դրույթներն ամփոփված են մեկ էջում՝ 6 կետով։

Տնտեսական հատվածին վերաբերող կետով ամրագրված է․

«Տնտեսության մեջ մեծացնել պետության կարգավորիչ դերը»։

Աշխատատեղերի ստեղծման կամ այլ թվային թիրախների վերաբերյալ մանրամասներ ԿԸՀ-ի կայքում հրապարակված այս փաստաթղթում առկա չեն։

«Միասնության թևեր»

Կուսակցությունն աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ ամրագրել է մի շարք կետեր՝ տարբեր ուղղություններով։

Մասնավորապես, քաղաքական ուժը խոստանում է՝

  • 100000 բարձր որակավորում պահանջող աշխատատեղի ստեղծում՝ գիտության, ինժեներական և տեխնոլոգիական արտադրության ոլորտներում,
  • մինչև 2028 թվականը բարձր տեխնոլոգիական ոլորտներում զբաղվածության առնվազն 15% աճ,
  • ինչպես նաև «թերի օգտագործված աշխատուժի քանակի էական (մինչև 30%) կրճատում՝ հիմնականում երիտասարդների և կանանց աշխատաշուկայում ակտիվացնելու շնորհիվ»։

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» 

Համահայկական այս կուսակցության նախընտրական ծրագրում աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ հստակ խոստումներ առկա չեն։

Ծրագրի տնտեսական և սոցիալական քաղաքականությանը վերաբերող հատվածում ամրագրված դրույթները վերաբերում են՝

  • արդար հարկային համակարգի ներդրմանը,
  • փոքր և միջին բիզնեսի խթանմանը,
  • տեխնոլոգիական և գիտական զարգացման խրախուսմանը,
  • եկամուտների և սպառողական զամբյուղի կապի ապահովմանը։

«Հայ ազգային կոնգրես»

Կուսակցությունը աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ հստակ թվային խոստումներ չի ներկայացնում։ Փոխարենը խոստանում է՝

  • ապահովել բարձր և միջին մակարդակի տեխնիկական մասնագետների ներհոսքն ու պատրաստումը,
  • կիրառել տնտեսական ակտիվությունը խրախուսող հարկային քաղաքականություն և վարչարարություն։

«Հանրապետություն»

Կուսակցությունը նախընտրական ծրագրի «Արտադրություն և աշխատատեղեր» ենթաբաժնում որպես իրականացվելիք նպատակներ մատնանշել է տնտեսության կառուցվածքի փոփոխությունը, մոնոպոլիաների վերացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը՝ բարձր աշխատավարձերով։

Թվային խոստումներ, սակայն, քաղաքական ուժը չի ներկայացրել։

«Ժողովրդավարական համախմբում»

Այս կուսակցությունը ևս զերծ է մնացել աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ որևէ թվային խոստում ներկայացնելուց։

Այսպիսով, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշ քաղաքական ուժերի աշխատատեղերի վերաբերյալ խոստումները էապես տարբերվում են՝ տարեկան 25 000-ից մինչև 60 000 նոր աշխատատեղերի ստեղծման հավակնոտ ծրագրերի միջակայքում։

Միևնույն ժամանակ, մի շարք քաղաքական ուժեր հստակ թվային խոստումներ չեն ներկայացրել՝ սահմանափակվելով տնտեսական   ընդհանրական ձևակերպումներով։

Գայանե Մարկոսյան

ՀԳ ԿԸՀ-ի կայքում նախընտրական ծրագրերը չհանրայնացրած և հոդվածում չներառված քաղաքական ուժերի կողմից աշխատատեղերի վերաբերյալ լրացուցիչ թվային խոստումների կամ ծրագրային դրույթների ի հայտ գալու կամ տրամադրման դեպքում հոդվածը կթարմացվի։

The post Տարեկան 25 000-ից 60 000 աշխատատեղ․ ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերը  appeared first on FIP.AM.

Leave a comment