Երեւան: Մեդիամաքս: Իրավաբանների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists) հրապարակել է Ադրբեջանում արդարադատության համակարգի խնդիրների վերաբերյալ զեկույցը:
Զեկույցում նշվում է, որ Բաքվի ռազմական դատարանում խախտվել են Արցախի ղեկավարների իրավունքները, եւ դատական գործընթացները «չեն ապահովել արդարության եւ կողմերի հավասարության այն երաշխիքները, որոնք պահանջվում են միջազգային մարդու իրավունքի շրջանակում»։
Զեկույցը բացահայտում է Ադրբեջանի դատական համակարգի կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ խնդիրները, եւ Արցախի ղեկավարների դատավարությունը ներկայացնում որպես «երկրում արդարադատության իրականացման ավելի լայն խնդիրների արտացոլում»։
ICJ-ն արձանագրել է, որ Արցախի ղեկավարները «դատվել են ռազմական դատարանում, մեղադրյալներին մերժվել է իրենց ընտրած պաշտպանին արդյունավետ հասանելիություն ունենալու իրավունքը, գործի նյութերը կամ թաքցվել են, կամ տրամադրվել են այնպիսի լեզվով, որը մեղադրյալները չեն հասկացել, պաշտպանական կողմի միջնորդությունները մերժվել են՝ առանց հիմնավորման եւ չեն ներառվել դատական արձանագրություններում, թարգմանությունը եղել է անբավարար կամ բացակայել է, իսկ հանրային հասանելիությունը, այդ թվում՝ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների համար, արգելվել է»։
«Հանրությանը հասանելի տեղեկությունների համաձայն՝ այս դատավարություններն ուղեկցվել են այնպիսի պրակտիկաներով, որոնք խախտում են արդարադատության հիմնարար երաշխիքները: Ստեղծվել է իրավիճակ, որտեղ պաշտպանական կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ անմեղությունն ապացուցելու որեւէ իրական հնարավորությունից։ Նման պայմաններում արդար դատաքննության գաղափարն ինքնին վերածվում է ձեւականության՝ զուրկ որեւէ բովանդակությունից»,- նշվում է զեկույցում:
Ինչ վերաբերում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առանձին դատավարությանը, ICJ-ի զեկույցում նշվում է, որ նրա դեմ առաջադրված մեղադրանքները վերաբերում են 1988 թվականին, երբ Վարդանյանը որեւէ պաշտոն չէր զբաղեցնում Արցախում։
«Վարդանյանի նկատմամբ 1988 թվականի ենթադրյալ գործողությունների համար քրեական հետապնդումը լուրջ մտահոգություններ է առաջացնում օրինականության սկզբունքի տեսանկյունից։ Այդ ժամանակ Վարդանյանը որեւէ քաղաքական պաշտոն չէր զբաղեցնում եւ չէր կարող կանխատեսել, որ այդ ժամանակաշրջանի գործողությունները հետագայում կարող են հիմք դառնալ քրեական մեղադրանքների համար՝ իր քաղաքական գործունեության մեկնարկից հետո:
Օրինականության սկզբունքը պահանջում է, որ քրեական պատասխանատվությունը լինի կանխատեսելի, իսկ քրեական իրավունքը կիրառվի հստակ եւ ճշգրիտ, ոչ թե ընտրովի կերպով՝ անձանց հետագա քաղաքական գործունեության հիման վրա»,- պարզաբանվում է զեկույցում։
ICJ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին «ապահովել, որպեսզի Արցախի նախկին պաշտոնյաների գործերով ցանկացած բողոքարկում քննվի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից։ Նաեւ ապահովել գործի նյութերի տրամադրումը պաշտպանության կողմին մեղադրյալի համար հասկանալի լեզվով եւ ապահովել պաշտպանության նախապատրաստման համար բավարար ժամանակ եւ հնարավորություններ բոլոր դատավարական փուլերում, ներառյալ բողոքարկման ընթացքում»։