Դատապարտում ենք Նաիրի Հոխիկյանի նկատմամբ իրականացվող իշխանական ապօրինի ճնշումները և վերահաստատում մեր աջակցությունը․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանն ահազանգում է․

«Նաիրի Հոխիկանի նկատմամբ արդեն ավելի քան 5 տարի շարունակվող քաղաքական հետապնդումները հերթական ապացույցն են, որ Հայաստանում գոյություն չունի ոչ ազատ խոսք, ոչ էլ արդար դատավարություն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այնքան է վախեցած իր գործած դավաճանական արարքների հետևանքներից, որ բոլոր հնարավոր միջոցներով փորձում է լռեցնել ազգային գործիչներին։

Նաիրի Հոխիկյանը առաջիններից մեկն էր, ով դեռևս 2019-ից բարձրաձայնել է Արցախը պատերազմով հանձնելու իշխանության ծրագրերի ու Ադրբեջանի հետ մութ գործարքների մասին, ինչի համար 2021-ից Հոխիկյանի նկատմամբ բազմաթիվ դատական ու ոստիկանական հետապնդումներ են իրականացվում։

Այս տարիների ընթացքում, չնայած այդ ճնշումներին, Նաիրի Հոխիկյանը սկզբունքորեն կանգնած է եղել ազգային ընդդիմության կողքին՝ առաջին տեղում բերելով ազգային պետության ու հայրենիքի գաղափարը։ Նա մեր կողքին էր հայրենիքի փրկության և դիմադրության շարժումների ժամանակ, Արցախի հայաթափման ծանր օրերին օգնում էր տեղահանված մեր հայրենակիցներին, միաժամանակ փորձում էր ուժեղացնել մեր երկրի ներքին ու արտաքին դիմադրողականությունը, օգնել առաջնագծի ուժեղացման աշխատանքներին։

2025-ին ես և իմ գործընկեր Ասպրամ Կրպեյանը դատարանում երաշխավորեցինք Նաիրի Հոխիկյանի համար՝ վստահ լինելով, որ մենք պետք է թիկունք կանգնենք միմյանց՝ հանուն մեր երկրի պայքարող ուժերի։

Այսօր տեղեկանում ենք, որ Հոխիկյանի դեմ քրեական հետապնդումը հասել է եզրափակիչ փուլ, և հնարավոր է՝ իշխանությունը շարունակի ապօրինի բռնաճնշումները։ Այդ առումով, իմ և «Հայաստան» դաշինքի իմ գործընկերների անունից դատապարտում եմ մեր գաղափարակից ընկերոջ նկատմամբ իրականացվող իշխանական ապօրինի ճնշումները և վերահաստատում մեր աջակցությունը սկզբունքային ու նվիրյալ մեր բոլոր հայրենակիցներին՝ հանուն ազատ Հայաստանի»։

Leave a comment