ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ

Քաղաքականություն

19.05.2026 | 13:32

Մայիսի 19-ից 21-ը Ռուսաստանի զինված ուժերը զորավարժություններ կանցկացնեն՝ ագրեսիայի սպառնալիքի դեպքում միջուկային ուժերի կիրառման նախապատրաստվելու: Վարժանքներին ներգրավված են ռազմավարական նշանակության հրթիռային ուժերը, Խաղաղօվկիանոսյան նավատորմը , Հյուսիսային նավատորմը, Հեռահար ավիացիայի հրամանատարությունը, ինչպես նաև Լենինգրադի և Կենտրոնական ռազմական օկրուգների որոշ ուժեր, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը,

Ըստ Կոմերսանտի՝ միջուկային զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 64,000 զինծառայող և ավելի քան 7,800 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ավելի քան 200 հրթիռային կայանք, 140 թռչող սարք, 73 նավ և 13 սուզանավ, որոնցից ութը՝ ռազմավարական հրթիռային սուզանավեր։

Հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունների հիմնական նպատակը հակառակորդին զսպելու գործողությունների մշակումն է և անձնակազմի պատրաստվածության մակարդակի գնահատումը: Ավելին, նախատեսվում է Բելառուսում տեղակայված միջուկային զենքի համատեղ պատրաստման և կիրառման հարցերի մշակում։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է նաև բալիստիկ և թևավոր հրթիռների փորձարկումների մասին:

Նախօրեին էլ Բելառուսի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ՌԴ-ի հետ միջուկային զենքի մարտական ​​կիրառման և միջուկային աջակցության ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունների մեկնարկի մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment