Արարատ Միրզոյան. «Մեր դիվանագիտությունը «ապահարզաններ» չի ճանաչում»

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «չենք պատրաստվում «ապահարզան» ձեւակերպել որեւէ մեր գործընկերոջ հետ հարաբերություններում»:

«Մեր քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի «ապահարզաններ» չի ճանաչում։ Մենք չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում: Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, եւ մենք տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում փոխշահավետ հարաբերությունները զարգացնել։ 
Խնդիրներ կա՞ն: Անշուշտ՝ կան: Բայց կարծում եմ, որ խնդիրներ կան աշխարհի բոլոր հնարավոր հարաբերություններում: Այդ խնդիրներին պետք է կոնստրուկտիվ լուծումներ գտնել», – Լիտվայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում ասել է Արարատ Միրզոյանը:
Մեդիամաքսը նշում է, որ մայիսի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«Մենք Ռուսաստանի շահերին վնասելու նպատակ չունենք։ Մինչ այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, մենք նման հարց չենք դնում օրակարգում։ ՌԴ նախագահի հետ մենք այդ հարցը քննարկել ենք աշխատանքային մակարդակում։ Ես ասել եմ, որ մինչեւ այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի՝ դե յուրե, դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնելու։ 
Ես համաձայն չեմ նաեւ «ապահարզան» ձեւակերպման հետ, քանի որ մենք երբեմն միջպետական հարաբերությունները շփոթում ենք ամուսնության հետ»:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պաշտոնական Երեւանը պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե՞ մնալ ԵԱՏՄ անդամ: Ռուսաստանի նախագահը կարծիք էր հայտնել, որ գուցե Հայաստանը եւ Ռուսաստանը պայմանավորվեն «քաղաքակիրթ ապահարզան»-ի մասին։

Leave a comment