Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․ «Ինչպես ընդդիմությունից ոչ ոք առանձին և միայնակ չի կարող ձևավորել մեծամասնություն ԱԺ-ում, այնպես էլ առանձին և միայնակ չի կարող դիմադրել և առաջ անցնել իշխանությունից քարոզարշավում, որքան էլ լոզունգային և տեխնոլոգիապես խոսի բացարձակ մեծամասնության գնալու մասին : Սա հստակ և ոչ բարդ տրամաբանություն է: Դրա մասին վկայում է նույնիսկ բոլորի կողմից չարչրքված «սոցիոլոգիան»: Նույն տրամաբանությամբ Փաշինյանին ոչ թե անհանգստացնում է իր վարքի ու խոսույթի որակի խնդիրը, այլ արձագանքը դրան հանրության կողմից: Նա ավելի վատ ու ոչ հարիր բաներ է արել «կուլտուրական» բառերով, քաղաքական հանդարտ կեցվածքով և առանց էքսպրեսիայի, ինչը պատշաճ արձագանք չի ստացել, որովհետև կղզյակների մեջ ենք գործել և ոչ համախումբի:
Երեկ ես արել էի հանրային բաց առաջարկ՝ գործել այսպես կոչված «Փոխօգնության դաշինքի» մոդելում՝ որտեղ ընդդիմադիր քաղաքական ուժերը, անհատները, հանրային դերակատարները և պարզապես քաղաքացիները կսկսեն ուժեղացնել ոչ միայն բացառապես սեփական քաղաքական շահը, այլ նաև նրանց բոլորին, ում հետ ունեն ընդհանուր նպատակ, կոնսենսուս և նույն սպառնալիքի գիտակցում։
Եվ արդեն երեկվա փոքր, բայց շատ կարևոր աշխատած օրինակը տեսանք։
Փաշինյանի կողմից թիրախավորված և փաստացի հանրային հարձակման ենթարկված բժշկուհու շուրջ շատ արագ ձևավորվեց ոչ միայն մարդկային, այլ նաև քաղաքական, մեդիա և հանրային համերաշխության ալիք, համախումբ այլ ոչ կղզյակ:
Մարդիկ սկսեցին տարածել միմյանց գրառումները, մտքերը ,քաղաքական ուժերի ներկայացուցիչները սկսեցին արտահայտվել ոչ թե «դա մեր մարդը չէ» տրամաբանությամբ, այլ՝ «մենակ չենք թողնում» սկզբունքով, մեդիաները սկսեցին ուժեղացնել թեման, օգտատերերը՝ նույնականանալ իրավիճակի հետ։
Եվ ահա այստեղ է ամենակարևորը։
Սա արդեն սովորական ֆեյսբուքյան արձագանք չէր։Սա հենց այն «փոխօգնության դաշինքի» առաջին աշխատող դրսևորումներից էր, որի մասին երեկ խոսում էի։ Որովհետև ցանկացած մարդ, ով այսօր թիրախավորվում է իշխանության կողմից, պետք է զգա, որ ինքը մենակ չէ։Պետք է զգա, որ իր թիկունքում կա ոչ միայն իր ընտանիքը կամ ընկերները, այլ հանրային, քաղաքական և քաղաքացիական լայն արձագանքման համակարգ։
Սա շատ կարևոր հոգեբանական և քաղաքական գործոն է։ Իշխանական ագրեսիվ քարոզչությունը և պետական մամլիչը մեծամասամբ աշխատում են մեկ բանի վրա՝ մարդուն մեկուսացնելու, վախեցնելու և մնացածներին ցույց տալու, թե «տեսեք ինչ կլինի ձեզ հետ»։
Հենց այն պահին, երբ թիրախավորված մարդը ստանում է ծավալային աջակցություն, նույնականացման ալիք և հանրային պաշտպանություն, ամբողջ մեխանիզմը սկսում է կոտրվել։ Այդ պահին արդեն վախը սկսում է փոխել կողմը։ Եվ սա վերաբերում է ոչ միայն բժիշկներին, ուսուցիչներին, լրագրողներին կամ քաղաքական գործիչներին։ Սա պետք է դառնա հանրային մշակույթ, ոչ թե լուռ դիտորդություն, այլ արագ փոխաջակցության ալիք։ Հենց սա է ծավալ ստեղծում։Հենց սա է կոտրում բլոկադաները։ Հենց սա է մարդկանց վերադարձնում «ես մենակ չեմ» զգացողությունը։ Հենց սա է ընդդիմադիր դաշինքների հաղթանակի գրավականը այլ ոչ թե ինքնամոռաց ինքնագովազդը:
Սա կարող է այս ընտրություններում դառնալ ընդդիմադիր հանրույթի ամենաուժեղ տեխնոլոգիան՝ ոչ թե PR իմաստով, այլ իրական քաղաքական և հոգեբանական ազդեցության տեսանկյունից։ Քաղաքական պայքարներում շատ հաճախ հաղթում է ոչ միայն նա, ով ավելի ուժեղ է, այլ նա, ով կարողանում է ստեղծել փոխադարձ պաշտպանության, մասնակցության և նույնականացման մեծ ալիք ու համակարգ։ Եվ եթե այս տրամաբանությունը խորանա, ապա «փոխօգնության դաշինքը» կարող է դառնալ ոչ թե պարզապես առաջարկ, այլ նոր ընդդիմադիր քաղաքական մշակույթի և հաղթանակի սկիզբ։
P.S. «Հայաստան դաշինք-ը 17» ինտենսիվ բարձրացնում է այս իշխանության ՀՀ տարածքային ամբողջականությունից փուլային հրաժարման և տարածքային զիջումների ապագա վտանգի թեման: Դա պետք է դառնա ոչ թե մեկ ուժի, այլ ամբողջ ընդդիմադիր հանրույթի վեր հանման ենթակա հարց։ Բոլորը պետք է ունենան արձագանք ու դիրքորոշում այդ առումով: Հատկապես այն պայմաններում, երբ իշխանությունը ակնհայտորեն փորձում է այս դիսկուրսը ծածկել էժանագին, ագրեսիվ և իրական խնդիրներին ոչ հարիր քարոզչական աղմուկով՝ հասարակությանը շեղելով հիմնական հարցից։ Հայաստան դաշինքը բարձրաձայնում է պետականության համար հիմնարար վտանգի մասին: Այդ վտանգը Հայաստան դաշինքին չի սպառնում այլ բոլորին: Մյուսներին հաջորդիվ»: