Մթնոլորտային օդ․ ի՞նչ խնդիրներ կան 

2025թ․ մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք՝ նախորդ տարվա 397-ի դիմաց։ Այս մասին  սույն թվականի հունվարի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ ոլորտում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 34 միլիոն 980 հազար դրամ, իսկ մթնոլորտային օդին հասցված վնասը հաշվարկվել է շուրջ 160 միլիոն դրամի չափով։

617 իրավախախտումներից 217-ն արձանագրվել է Երևան քաղաքում։ Երևանում արձանագրված խախտումների թվում 15 դեպք վերաբերում է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխմանը։ Երևանում արձանագրվել է նաև 99 իրավախախտում շինարարության ոլորտում, 15 դեպք՝ հանքարդյունաբերության ոլորտում, ինչպես նաև 39 այրման դեպք։ Հանրապետության ամբողջ տարածքում խոզանների, տերևների, թափոնների և մալուխների այրման դեպքերի թիվը կազմել է 226, որոնք վերաբերում են այն դեպքերին, երբ հնարավոր է եղել պարզել իրավախախտի ինքնությունը և նրան ենթարկել պատասխանատվության։

Տեսչական մարմինը 2025թ․ կայացրել է 94 գործունեության կասեցման որոշում, որոնցից 15-ը վերաբերում են մթնոլորտային օդի պահպանության ոլորտին։ Դրանցից 6-ի դեպքում կասեցումը հետագայում վերացվել է՝ տնտեսվարողների կողմից խախտումների շտկման արդյունքում։

Հովհաննես Մարտիրոսյանի խոսքով՝ տեսչական մարմինը մթնոլորտային օդի վերահսկողության համար կիրառում է ստուգաչափված սարքեր՝ PM 2.5 և PM 10 միկրոմասնիկների չափման համար։ 2025թ․ Երևան քաղաքում իրականացվել է 225 չափագրում, որոնցից 5 դեպքում արձանագրվել է նորմայից ավելի քան 5 անգամ գերազանցում, իսկ 25 դեպքում՝ մինչև 5 անգամ գերազանցում։ Մնացած դեպքերում գերազանցումներ չեն արձանագրվել։

Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ տարբեր հարթակներում հրապարակվող օդի աղտոտվածության տվյալները հաճախ հիմնվում են այնպիսի սարքերի վրա, որոնց ճշգրտությունը կարող է ունենալ մինչև 60-70 տոկոս շեղում։ «Մեր վերահսկողության արդյունքները խոսում են նրա մասին, որ բարձր աղտոտվածության խնդիր չունենք», – ընդգծեց նա։

2025թ․ ընդունվել է մթնոլորտային օդի պահպանության ռազմավարությունը, որի շրջանակում առաջին քայլերից մեկը Երևան քաղաքում ճշգրիտ չափումների տեխնիկական հնարավորությունների ստեղծումն է։ Ներկայում տեղադրվում են երկու ստացիոնար կայաններ՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 300 միլիոն դրամ։ «Երբ մենք այդ կայանները կունենանք և ճշգրիտ տվյալներ կունենանք, կկարողանանք հասկանալ, թե իրականում որքան է աղտոտված մեր մթնոլորտը, աղտոտված է, թե աղտոտված չէ», – ասաց նա։

Հովհաննես Մարտիրոսյանի խոսքով՝ Երևանում մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրը կապված է նաև բնակլիմայակական պայմանների հետ։ «Երևանը գտնվում է Արարատյան գոգավորության մեջ՝ փոսի մեջ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հաճախակի ինվերսիոն երևույթներ են դրսևորվում, օդափոխություն չի իրականացվում։ Այդ ժամանակ կարող են խնդիրներ լինել։ Հաջորդ խնդիրը կանաչ տարածքների պակասն է։ 1990-ական թվականներից սկսած Երևանում բազմաթիվ կանաչ տարածքներ են հատվել։ Մյուս խնդիրը՝ մարդկային գործոնն է», – նշեց նա։ 

Մթնոլորտային օդի վրա ազդեցություն ունեցող մարդկային գործոնների թվում նա առանձնացրեց շինարարությունը։ Այս ոլորտումտեսչական մարմնի առաջարկությամբ ներդրվել են փոշեզսպող տեխնոլոգիաներ։ Այս պահանջները ստացել են օրենքի կարգավորում և ներառվելու են շինարարության բնապահպանական ստանդարտներում։

Տեսչական մարմինը նաև իրականացնում է իրազեկման աշխատանքներ՝ տնտեսվարողներին նախապես տեղեկացնելով օրենսդրական փոփոխությունների և վարչարարական գործիքների մասին։

Հունվար 28, 2026 at 12:49

Leave a comment