Իլոն Մասկը հայտարարել է OpenAI-ի ղեկավարի դեմ գործով դատարանի որոշումը բողոքարկելու մտադրության մասին

Իլոն Մասկը հայտարարել է OpenAI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանի դեմ գործով դատարանի որոշումը բողոքարկելու մտադրության մասին։

«Ես կբողոքարկեմ, քանի որ բարեգործական կազմակերպությունների միջոցների յուրացման համար նախադեպ ստեղծելը աներևակայելի կործանարար է Ամերիկայում բարեգործության համար»,- ասվում է X սոցիալական ցանցում գործարարի գրառման մեջ։

Մասկի խոսքով՝ դատավորը և երդվյալ ատենակալները գործով որոշում չեն կայացրել, իսկ Ալթմանը և OpenAI-ի համահիմնադիր Գրեգ Բրոքմանը կարողացել են յուրացնել բարեգործական կազմակերպության միջոցները։

Հիշեցնենք՝ Մասկն ապրիլի 8-ին դատարանի միջոցով պահանջել էր Ալթմանին հեռացնել OpenAI-ի ղեկավար պաշտոնից։ Նշվում էր, որ Մասկի իրավաբանները պահանջում են՝ ընկերության ղեկավարության մեղավոր ճանաչվելու դեպքում Ալթմանին հեռացնել ոչ առևտրային խորհրդի տնօրենի պաշտոնից, ինչպես նաև նրան և Բրոքմանին զրկել կառավարչական պաշտոններից ընկերության առևտրային ստորաբաժանումում։

Bloomberg-ը հունվարի 17-ին հայտնել էր, որ Մասկը OpenAI-ից և Microsoft-ից պահանջում է 79-134 մլրդ դոլարի չափով վնասի փոխհատուցում՝ ենթադրյալ խարդախության համար։ Հայտարարության մեջ նշվում էր, որ OpenAI-ը խաբել է Մասկին՝ հրաժարվելով ոչ առևտրային մոդելից և համագործակցություն հաստատելով Microsoft-ի հետ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment