2025թ․ ընդերքօգտագործման ոլորտում արձանագրվել է 291 իրավախախտման դեպք՝ նախորդ տարվա 134-ի համեմատ։ Արձանագրված խախտումներից 207-ը վերաբերում են ապօրինի ընդերքօգտագործմանը։ Այս մասին հունվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։
2025թ․ արձանագրված ապօրինի ընդերքօգտագործման ծավալը կազմել է շուրջ 14 միլիոն խմ հանքանյութ, հիմնականում ավազակոպճի և քարի արդյունահանում։ 2024թ․ ապօրինի արդյունահանված հանքանյութի ծավալը կազմել էր մոտ 4.5 միլիոն խորանարդ մետր։
Մետաղական հանքերում իրականացված ստուգումների արդյունքում 2025թ․ արձանագրվել է ապօրինի արդյունահանված 82 կգ ոսկի, 661 կգ արծաթ, մոտ 161 հազար տոննա պղինձ և 12 հազար տոննա մոլիբդեն։ Այս ծավալային ակտերը փոխանցվել են Պետական եկամուտների կոմիտեին և Քննչական կոմիտեին և ներառվել են հաշվարկված՝ շուրջ 26 միլիարդ դրամի պետությանը պատճառված վնասի ընդհանուր ցուցանիշում։
Հովհաննես Մարտիրոսյանը նշեց, որ 2025թ․ ակտիվորեն կիրառվել են ժամանակակից թվային տեխնոլոգիաներ՝ ընդերքօգտագործման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Իրականացվել են լայնածավալ չափագրումներ անօդաչու թռչող սարքերի և լազերային սկանավորման համակարգերի միջոցով։ «Գրեթե բոլոր գործող հանքավայրերը տեսչական մարմնի կողմից ճշգրտորեն չափագրված են, և ստեղծվել է վերահսկողության համար անհրաժեշտ «զրոյական կետը»։ Մեր կողմից ստուգումներ իրականացված գրեթե բոլոր հանքավայրերն արդեն ճշգրտորեն չափագրված են։ Այսուհետև ավելի հեշտ է լինելու վերահսկողություն իրականացնելը», – ասաց նա։
2025թ․ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է Հայաստանում առկա բոլոր պոչամբարները։ «Հայաստանում առկա է 21 պոչամբար՝ գործող և կոնսերվացված։ Ուսումնասիրություններին ներգրավվել են նաև ոլորտի մասնագետներ և գիտնականներ։ Շատ վատ վիճակ չունենք մենք իրականում պոչամբարների մասով։ Այն մտահոգությունները, որ համայնքներում կոնսերվացված պոչերում կան լուրջ բնապահպանական խնդիրներ, այդքան էլ այդպես չէ։ Վտանգավոր երևույթներ չունենք արձանագրած։ Որոշակի միջոցառումների հետ կապված նաև առաջարկություններ կներկայացնենք լիազոր մարմիններին, փոքրիկ միջոցառումներ պետք է իրականացվեն կանխարգելիչ, որ կապված չեն հետևանքների վերացման հետ», – նշեց նա։
Աշխատանքների վերջնական արդյունքները նախատեսվում է հանրությանը ներկայացնել ավարտական փուլում։
Հունվար 30, 2026 at 12:40