Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Բաքու կատարած այցի շրջանակում, որտեղ մասնակցում է Համաշխարհային քաղաքաշինական ֆորումի 13-րդ նստաշրջանին, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին գրում է Vector News-ը։

Բանակցությունների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է երկու երկրների ռազմավարական գործընկերության զարգացման, էներգետիկ համագործակցության և տրանսպորտային նախագծերի վրա։

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համաձայնագրերի փաթեթ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Մասնավորապես՝ ստորագրվել է 20-ամյա միջկառավարական համաձայնագիր Վրաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի մատակարարման և տարանցման հիմնական պայմանների վերաբերյալ, ևս 20 տարով երկարաձգվել է ադրբեջանական գազի առքուվաճառքի մասին 2003 թվականին կնքված պայմանագիրը, ինչը ենթադրում է սոցիալական գազամատակարարման անվտանգության երաշխիքներ, ստորագրվել է համակարգող խորհրդի արձանագրություն, համաձայն որի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նոր հատվածը լիարժեք շահագործման կհանձնվի։

Փաստաթղթերը Վրաստանի կողմից ստորագրել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, իսկ Ադրբեջանի կողմից՝ էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը, էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը և թվային զարգացման ու տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ մայիսի 26-ից կվերականգնվի Թբիլիսիի և Բաքվի միջև ամենօրյա ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը։

Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրների միջև ձեռք են բերվել «շատ կարևոր համաձայնություններ» ինչպես էլեկտրաէներգիայի ներմուծման և տարանցման, այնպես էլ Բաքու-Թբիլիսի-Սուպսա նավթամուղի հետ կապված հարցերի շուրջ, ինչի շնորհիվ, նրա խոսքով, Վրաստանը տարեկան տասնյակ միլիոնավոր եկամուտներ կստանա։

Leave a comment