Բժիշկը նշել է, թե ինչ կպատահի հաճախակի եփած երշիկ ուտելու դեպքում

Եփած երշիկի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել քաղցկեղի, ինչպես նաև ճարպակալման և սրտանոթային հիվանդությունների զարգացման, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է սննդաբան, էնդոկրինոլոգ Մայրա Ռաուն։

«Եփած երշիկը վերամշակված մսամթերք է, որի օգտագործումը պետք է նվազագույնի հասցվի կամ հնարավորության դեպքում բացառվի, քանի որ այդ մթերքների հաճախակի և/կամ մեծածավալ օգտագործումը կապված է սրտանոթային հիվանդությունների, ճարպակալման և քաղցկեղի որոշ ձևերի զարգացման ռիսկի հետ», – ասել է Ռաուն։

Մասնագետը նշել է, որ եփած երշիկը, ինչպես և ապխտածը, պարունակում է կոնսերվանտներ, որոնք կարող են դասվել քաղցկեղածին նյութերի շարքին: Բժիշկը հավելել է, որ ամենակարևոր գործոնը սպառման քանակն ու հաճախականությունն է:

«Կարևոր է հիշել, որ երշիկեղենը ամենօրյա առողջ սննդակարգի մաս չի կազմում: Եթե կարող եք երշիկեղենը փոխարինել սպիտակուցի այլ աղբյուրներով, դա լավ ներդրում է ձեր առողջության մեջ: Եթե չեք կարող հրաժարվել երշիկեղենից, հնարավորինս կրճատեք դրանց օգտագործումը», – զգուշացրել է Ռաուն:

Բժիշկը պարզաբանել է, որ չնայած իր միատարր կառուցվածքին, եփած երշիկը պարունակում է շատ ճարպ՝ 25-30 գրամ 100 գրամի մեջ: Ապխտած երշիկը կարող է պարունակել մինչև 40-45 գրամ ճարպ: Ավելին, երշիկի մեջ պարունակվող ճարպը հագեցած է, որը չափից շատ օգտագործելու դեպքում կարող է առաջացնել լիպիդային նյութափոխանակության խանգարումներ: Ռաուն ընդգծել է, որ երշիկի ոչ մի տեսակ հարմար չէ ամենօրյա օգտագործման համար:

«Եփած երշիկը նաև հարուստ է աղով և նատրիումի այլ աղբյուրներով, ուստի հիպերտոնիայով տառապող մարդիկ պետք է փորձեն նվազագույնի հասցնել այն իրենց սննդակարգում: Հնարավորինս քիչ ներառեք վերամշակված միսը ձեր սննդակարգում», – կոչ է արել սննդաբանը:

Leave a comment