6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը

Քաղաքականություն

18.05.2026 | 21:43

Բաքվի և Թբիլիսիի միջև ուղևորատար գնացքների ամենօրյա հաղորդակցությունը կվերսկսվի մայիսի 26-ին՝ վեց տարվա ընդմիջումից հետո։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմը։

Որոշման մասին հայտարարվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումից հետո, որի ընթացքում կողմերը քննարկել են իրենց ռազմավարական գործընկերությունը և համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Բանակցություններից հետո ստորագրվել է երկկողմ համակարգող խորհրդի արձանագրությունը։ Փաստաթուղթը, ի թիվս այլ բաների, նախատեսում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նոր հատվածի լիարժեք շահագործման հանձնումը, չնայած որևէ կոնկրետ ժամկետ չի նշվել։ Արձանագրությունը ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին և Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։

Հաղորդագրության համաձայն՝ Թբիլիսիի և Բաքվի միջև ամենօրյա ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը կվերսկսվի 26-ին՝ 6 տարվա դադարից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment