1966 թվականին, երբ բացվեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, Երեւանը շատ ավելի լուռ քաղաք էր։ Բացօթյա դահլիճը նախագծվել էր որպես միջավայր, որը քաղաքի սրտում գտնվելով՝ միաժամանակ «կտրված» էր նրանից:
Այսօր նույն տարածքի մշտական ուղեկիցը քաղաքի աղմուկն է:
Վաթսուն տարի անց ճարտարապետները փորձում են հասկանալ՝ հնարավո՞ր է վերականգնել Սպարտակ Կնտեխցյանի եւ Թելման Գեւորգյանի համատեղ նախագծած կառույցը, եթե քաղաքը, որի համար այն ստեղծվել էր, արմատապես փոխվել է։
Աղասի Կնտեխցյանը՝ Սպարտակ Կնտեխցյանի որդին, ասում է, որ ամառային դահլիճի վերականգնումը քաղաքի հետ նոր «բանակցություն է» ենթադրում։
Աղասի Կնտեխցյանը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը ուրիշ միջավայրում պատկերացնել չի կարող։ Ինչպես Աբովյան տանող ճանապարհի «Ճայը» կամ Սպարտակ Կնտեխցյանի՝ «Յոթ աղբյուրը», ամառային դահլիճն էլ ստեղծված է կոնկրետ միջավայրի համար։
Ամառային դահլիճի նախագիծը բարդ խնդիր էր լուծում. փոքր տարածքում պետք էր տեղավորել շուրջ 850 հանդիսատես։ Բայց թվերից կարեւոր էր ձեւը։ Դահլիճի ճարտարապետական լեզուն թելադրված էր հենց միջավայրով։
Աղասի Կնտեխցյանի խոսքով՝ սա այն սկզբունքներից է, որը ժամանակակից քաղաքաշինությունը կամաց-կամաց կորցնում է։ Նա վստահ է, որ «ճիշտ» ճարտարապետությունը ոչ միայն շենքի ձեւն է, այլ նաեւ այն զգացողությունը, որը ստեղծվում է տարածքի եւ միջավայրի հետ հարաբերության մեջ։
Այսօր ամառային դահլիճի կիսափակ տարածքը կտրված է հետիոտնային հոսքերից, իսկ շուրջը տարիների ընթացքում ավելացած կառույցները փոխել են դրա ընկալումը։ Վերականգնման նախագծի հիմնական գաղափարներից մեկը ոչ միայն ամառային դահլիճը փրկելն է, այլեւ քաղաքի այդ հատվածը վերակենդանացումը:
Մասնավորապես, նախագիծը նախատեսում է Շառլ Ազնավուրի հրապարակից նոր հետիոտնային կապ ստեղծել Թումանյան փողոցի հետ։
Ամառային դահլիճի տարածքում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ մշակութային հանգույցի հիմնում՝ համերգների, ցուցադրությունների, դասախոսությունների, մանկական ծրագրերի, սրճարանի եւ տարբեր տաղավարների հնարավորություններով։
Նախագծի ամենաբարդ խնդիրներից վերականգնման սահմաններն են։ Ամառային դահլիճի հայտնի տեռասան ապամոնտաժվել էր 1980-ականների վերջին՝ սեյսմակայունության խնդիրների պատճառով: Կառույցը ի սկզբանե նախատեսված չէր այն ծանրաբեռնվածության համար, որն առաջացավ, երբ հիմնական դահլիճներից դեպի տեռասա լրացուցիչ տարհանման ելքեր բացվեցին։
Այսօր թիմը փորձում է վերականգնել ծածկային հատվածը՝ առանց բնօրինակը խախտելու։ Աղասի Կնտեխցյանն ասում է, որ ամենափոքր սխալը կարող է խեղաթյուրել շենքի ամբողջական ընկալումը։
Այսօր երեք հիմնական խնդիր կա՝ ծածկի ճարտարապետական լուծումը, ակուստիկան եւ կառույցի կոնստրուկտիվ վիճակը։ Թիմը դեռ սպասում է վերջնական սեյսմիկ եւ տեխնիկական եզրակացություններին՝ հասկանալու համար, թե շենքի որ հատվածներն է հնարավոր պահպանել առանց լրացուցիչ ամրակայման։
Քննարկվում են նաեւ դինամիկ կամ կինետիկ լուծումներ՝ ապագա ծածկի համար, սակայն դրանք, ըստ Կնտեխցյանի, չափազանց թանկ եւ տեխնիկապես բարդ են իրագործման տեսանկյունից։
Եթե նախկինում ամառային դահլիճի գլխավոր խնդիրը կառուցվածքային էր, ապա այսօր այն նաեւ քաղաքային աղմուկի խնդիր ունի։ Աղասի Կնտեխցյանը ծիծաղելով ասում է, որ բաց դահլիճի ամենամեծ հակառակորդներից բարձր երաժշտությունը միացրած երթեւեկող սպիտակ «Նիվաներն» են։
«Պատկերացրեք՝ ֆիլմ եք դիտում, մեկ էլ կողքով անցնում է ինչ-որ «լավ տղա»՝ բարձր երաժշտություն լսելով կամ շոգեքարշի ձայնային ազդանշան տալով», – ասում է ճարտարապետը։
«Պետք է հասկանանք՝ ձայնը ինչպես է շարժվում այս միջավայրում, որ մարդիկ լսեն այն, ինչ կատարվում է բեմում, այլ ոչ թե փողոցի աղմուկը»։
Այսօր տարածքի մի մասը դեռ փակ է ժամանակավոր կառույցներով, իսկ ամբողջական հետազոտություն իրականացնելու համար անհրաժեշտ են իրավական լուծումներ՝ ապամոնտաժման համար։ Այնուամենայնիվ, Աղասի Կնտեխցյանը վստահ է՝ եթե առաջիկա ամիսներին հաջողվի ավարտել իրավական փուլը, վերականգնման աշխատանքները հնարավոր կլինի սկսել 2027 թվականին։
Նա ցույց է տալիս 1980-ականների տեսքը վերարտադրող վիզուալիզացիաները՝ շատրվաններով, իրական մուտքով եւ այն տեռասայով, որն այսօր գոյություն չունի։ Երկու տարվա ընթացքում ստեղծված այդ թվային վերակառուցումը փորձ է հասկանալու ոչ միայն շենքի ձեւը, այլեւ մթնոլորտը։
«Նպատակը կա։ Կհասնենք։ Վաղ թե ուշ՝ կհասնենք», – վստահեցնում է Աղասի Կնտեխցյանը։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի