Զելենսկու կնոջ կալանավորումը նախապատրաստելու լուրը կեղծ է․ հայկական կայքերը տարածել են «ՌԻԱ Նովոստի»-ի լուրը

Հանգստյան օրերին հայաստանյան մամուլը տարածել էր տեղեկություն այն մասին, թե  Ուկրաինայի հակակոռուպցիոն և իրավապահ մարմինները նախապատրաստում են այդ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու տիկնոջ՝ Օլենա Զելենսկայի ձերբակալությունը։ 

Լուրը ռուսաստանյան աղբյուրներին հղումով տարածել էին 24news{.}am, news{.}am hraparak{.}am, 168{.}am , tribune{.}am  և այլ կայքեր։ 

Արտապատկերումները՝ հայաստանյան մամուլից։

Հայաստանյան ԶԼՄ-ները հղում են անում ռուսաստանյան պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, որն էլ իր հերթին հղում է արել ռուսաստանյան ուժային կառույցներում իր աղբյուրներին։ 

Ուկրաինական կառույցները հերքում են լուրը

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (НАБУ) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (САП) մայիսի 17-ին՝ կիրակի օրը հայտարարել են, որ որևէ դատավարական գործողություն չեն իրականացնում Ուկրաինայի նախագահի կնոջ՝ Օլենա Զելենսկայի նկատմամբ։  

Այս կառույցները շեշտել են, որ նրա նկատմամբ իբր իրականացվող «հետաքննությունների» մասին պնդումները, որոնք տարածվում են ռուսական և ռուսամետ լրատվամիջոցներում, «ապատեղեկատվության հերթական ալիքի» մաս են։

САП-ում հավելել են, որ ռուսական քարոզչությունը առաջին անգամը չէ, որ փորձում է օգտագործել «հակակոռուպցիոն հետաքննությունները՝ Ուկրաինան ներսից ապակայունացնելու համար»։

Այսպիսով, ուկրաինական հակակոռուպցիոն մարմինները հերքում են ռուսաստանյան պետական գործակալության տարածած տեղեկությունը՝ Զելենսկու տիկնոջ ձերբակալությունը նախապատրաստելու մասին։

Հատկանշական է, որ այն արագորեն տարածվել է հայաստանյան տեղեկատվական դաշտում, և չնայած ուկրաինական գերատեսչությունների հերքմանը, FIP.am-ի վերևում հիշատակած՝ լուրը տարածած կայքերը այս հոդվածի թողարկման պահին չեն հրապարակել այն։ 

Նանե Մանասյան

The post Զելենսկու կնոջ կալանավորումը նախապատրաստելու լուրը կեղծ է․ հայկական կայքերը տարածել են «ՌԻԱ Նովոստի»-ի լուրը appeared first on FIP.AM.

Leave a comment