Առաջարկվում է ճգնաժամերի կառավարման արդյունավետ ու միջազգային չափանիշներին համահունչ մեխանիզմներ ներդնել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Բանկերի վերակառուցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է դեռևս 2018 թվականին Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի (FSAP) շրջանակում ներկայացված առաջարկություններից: Դրանց նպատակն է նախատեսել բավարար գործիքակազմ՝ ֆինանսական համակարգում անվճարունակ բանկերի ֆինանսական վիճակի վերականգնման և համակարգի կայունության ապահովման համար:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը մանրամասն ներկայացրել է օրենսդրական փաթեթը: Մասնավորապես՝ առաջարկվում է ներդնել բանկերի վերակառուցման ինստիտուտը, որի բացառիկ լիազորությունը վերապահվելու է Կենտրոնական բանկին: Այս գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ԿԲ-ին օրենքով կտրվեն համապատասխան իրավասություններ՝ սահմանված նպատակներին հասնելու համար: Սահմանվել են այն սկզբունքները, որոնցով անհրաժեշտ է առաջնորդվել բանկերի վերակառուցումն իրականացնելիս:
Հիմնական զեկուցողը խոսել է բանկերի վերակառուցման գործիքների և դրանց կիրառման մեխանիզմների մասին: Օրենքով սահմանվել է վերակառուցող մարմնի կողմից համապատասխան ծրագիր մշակելու պահանջը: Նպատակն է վաղ փուլում բացահայտել ու հասցեագրել բանկերի լուծարման կամ առողջացման հնարավոր խոչընդոտները, ինչպես նաև կազմակերպել ու ապահովել այդ գործընթացը: Նախատեսվում է ներդնել նաև որոշակի պաշտպանական մեխանիզմներ:
Վերակառուցման գործընթացի ֆինանսավորման նպատակով կստեղծվի Վերակառուցման հիմնադրամ, որը ձևավորվելու է բանկերի կողմից կատարվող միանվագ, պարբերական և լրացուցիչ հատկացումների հաշվին:
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կներդրվեն ճգնաժամերի կառավարման արդյունավետ ու միջազգային չափանիշներին համահունչ մեխանիզմներ: Սա թույլ կտա ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը: Նախատեսվող լայն գործիքակազմը հնարավորություն կտա բանկերի վերակառուցումն իրականացնել այնպես, որ առավելագույնս պաշտպանվեն հանրային միջոցները՝ նվազեցնելով պետական արտակարգ աջակցության անհրաժեշտությունը:
Արմեն Նուրբեկյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ պարզաբանումներ ներկայացնելով նախատեսվող կարգավորումների և դրույթների վերաբերյալ:
Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: