Մեզ համար երկրի առաջին դեմքի բերանից հնչող սպառնալիքները, բռնության ակնարկներն ու վիրավորական արտահայտությունները քաղաքական ընդդիմախոսների, մասնավորապես՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին, վաղուց նորություն չեն։ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, թե նախկիններին «ասֆալտին է փռելու», «ասֆալտ ու բորդյուր է կերցնելու», «պողպատե մուրճով է նրանց հետ խոսելու»։ Սակայն անգամ այդ ֆոնին վարչապետի հերթական հիստերիկ հոխորտանքներն ու բղավոցները շարունակում են ցնցել՝ ոչ միայն իրենց բովանդակությամբ, այլև այն փաստով, որ դրանք հնչում են պետական ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձի շուրթերից։
Սա արդեն միայն քաղաքական լեզվի խնդիրը չէ․ սա պետական վարքագծի, քաղաքական մշակույթի և ինստիտուցիոնալ պատասխանատվության հարց է։ Առավել ևս, երբ նույն իշխանությունն ու նրա ներկայացուցիչները մշտապես հղում են անում բարեվարքության, հանդուրժողականության և ժողովրդավարական արժեքների մասին խոսույթին՝ միաժամանակ անտեսելով անգամ Մարդու իրավունքների պաշտպանի այն դիտարկումները, թե քաղաքական ատելության խոսքը պետք է նվազի։
Այս ֆոնին հարց է առաջանում՝ արդյոք ՄԻՊ Անահիտ Մանասյանը կհամարձակվի՞ հասցեական արձագանք տալ վարչապետի բառապաշարին։ Հավանաբար՝ ոչ։ Մինչդեռ վերջին հայտարարություններում վարչապետի խոսույթը, կարելի է ասել, անցել է բոլոր հնարավոր սահմանները։
Քարոզարշավի ընթացքում իրեն մոտեցած կնոջ մեղադրանքներին արձագանքելով՝ Փաշինյանը ոչ միայն բարձր տոնով հակադարձեց, այլ կնոջը նույնականացնելով քաղաքական հակառակորդների հետ, բացահայտ սպառնալիքներ հնչեցրեց նրա հասցեին․ հայտարարություններ, որոնցում օգտագործվում էին «կզացնելու», «չոքեցնելու», «սատկացնելու» ձևակերպումներ՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, նրա համակիրներին և այլ քաղաքական գործիչների։
Եթե նման բառապաշարն ու վարքագիծը ներկայացվեն այն եվրոպական քաղաքական շրջանակներին, որոնց անդամակցելուն կամ մոտենալուն ձգտում է Հայաստանը, դժվար է պատկերացնել, որ դրանք կհամապատասխանեն եվրոպական քաղաքական մշակույթի ու ժողովրդավարական չափանիշների մասին պատկերացումներին։ Առավել ևս՝ այն նույն վարչապետի դեպքում, որը վերջերս Երևանում հյուրընկալում էր եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին և խոսում էր ժողովրդավարական արժեքների մասին։
Խնդիրը միայն կոշտ կամ էմոցիոնալ խոսքը չէ։ Խնդիրը պետական ղեկավարի կողմից քաղաքական հակառակորդներին և նրանց աջակիցներին թշնամու լեզվով նկարագրելն է, երբ իշխանությունը միաժամանակ քրեական պատասխանատվության գործիքներ է կիրառում հենց սպառնալիքների և բռնության կոչերի համար։ Այս համատեքստում անխուսափելիորեն առաջանում է երկակի ստանդարտների հարցը․ այսօր քանի՞ անձ է կալանքի տակ՝ սպառնալիք կամ բռնության կոչ հնչեցնելու մեղադրանքով, և որքանո՞վ են նրանց վերագրվող արտահայտությունները համադրելի վարչապետի սեփական բառապաշարի հետ։
Ավելին՝ Փաշինյանն առանձին սպառնալիքներ հնչեցրեց նաև դիմակավորված, արցախյան բարբառով խոսող անձանց հասցեին՝ խոսելով նրանց «մասկաները համապատասխան տեղը մտցնելու», «չոքեցնելու» և «սատկացնելու» մասին։ Եթե այս հայտարարություններին ավելացնենք վարչապետի բարձր տոնն ու հիստերիկ ելույթների ոճը, ապա պատկերն ամբողջանում է․ հանրությունը տեսնում է ոչ թե զսպված պետական գործչի, այլ քաղաքական հակամարտության լեզվով առաջնորդվող ղեկավարի։
Հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք․ ի՞նչ արձագանք կլիներ, եթե նույնատիպ բառապաշար իրենց թույլ տային Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը։ Դժվար չէ պատկերացնել՝ իշխանական շրջանակները, իրավապաշտպան կազմակերպությունները և նրանց համակիր մեդիաները լայնածավալ դատապարտման արշավ կսկսեին՝ մինչև միջազգային ատյաններ հասնող գնահատականներով։ Սակայն այսօր այդ նույն շրջանակներում գերակշռում է լռությունը։
Իշխանության ներսում ևս ակնհայտ է անհարմարությունը։ Թեև իշխող թիմի ներկայացուցիչները խոսում են ազատության ու ժողովրդավարության մասին, իրականությունն այն է, որ հազիվ թե նրանցից որևէ մեկը համարձակվի հրապարակավ խորհուրդ տալ վարչապետին հրաժարվել նման բառապաշարից։ Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, թե «այսօր զուգարանում մարդ չի սպանվելու» կամ դժգոհ քաղաքացուն հիշեցնում է, որ «գլուխը զուգարանում չեն զխկում», դա այլևս քաղաքական պոլեմիկա չէ․ դա իշխանության և հանրության միջև հաղորդակցության վտանգավոր դեգրադացիայի ցուցիչ է։
Այս ամենը մեկ հարց է առաջ բերում՝ որտե՞ղ են այն կարմիր գծերը, որոնց մասին իշխանությունը մշտապես խոսում է։ Եթե դրանք գոյություն ունեն, ապա առաջին հերթին պետք է գործեն հենց իշխանության համար։ Հակառակ դեպքում «ժողովրդավարության» մասին հայտարարությունները վերածվում են ընդամենը քաղաքական կարգախոսի, իսկ հանրային խոսքը՝ ուժի և նվաստացման լեզվի։
Թագուհի Ասլանյան