Ազգային Ժողովի 2026-նի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ։ Երբ ընտրություններն ավարտվել են, ձայները՝ հաշվարկվել, ինչպե՞ս են քաղաքացիների քվեները բաշխվում և վերածվում մանդատների Ազգային ժողովում: Ընտրական շեմը հաղթահարելու համար կուսակցություններից պահանջվում է հավաքել ձայների 4, իսկ դաշինքներից՝ 8 կամ 10 տոկոս: Բայց սա միայն սկիզբն է. ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը (17-րդ գլխի՝ 95-ից 102-րդ հոդվածներ) սահմանում է մաթեմատիկական ու քաղաքական կանոններ, որոնք որոշում են, թե որ ուժերն են հայտնվում խորհրդարանում և ինչ կշիռ են ունենալու:
Խորհրդարան անցնելու և մանդատների բաշխմանը մասնակցելու համար քաղաքական ուժերը պետք է հաղթահարեն հետևյալ շեմերը.
-
Կուսակցությունների դեպքում՝ կողմ քվեարկված ձայների 4 տոկոսը։
-
Մինչև երեք կուսակցություններից կազմված դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը։
-
Չորս և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների դեպքում՝ 10 տոկոսը։
Ազգային ժողովի 101 մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների և դաշինքների միջև, որոնք հաղթահարել են ընտրական շեմը։
Եթե շեմը հաղթահարել է երեքից պակաս ուժ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են արգելապատնեշին առավելագույն մոտ երեք ուժերը: Նման իրավիճակ եղավ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով, երբ 3-րդ ամենաշատ ձայնը հավաքել էր «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,23 տոկոս, սակայն չէր հաղթահարել այդ ժամանակ դաշինքների համար սահմանված անցողիկ շեմը՝ 7 տոկոսը։ Արդյունքում Ընտրական օրենսգրքի հենց այդ դրույթի կիրառմամբ դաշինքը մտավ խորհրդարան։
Մանդատների բաշխման համար հիմք են ընդունվում միայն անցողիկ շեմը հաղթահարած ուժերի ստացած կողմ ձայները՝ դրանք ընդունելով որպես 100 տոկոս:
Չհաղթահարած ուժերի ձայները դրվում են մի կողմ. դրանք վերաբաշխման ենթակա չեն և այլ ուժի չեն տրվում (այսինքն՝ չեն «փոշիացվում»): Մանդատները բաշխվում են անցողիկ շեմը հաղթահարած ուժերի միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն:
Ընտրական օրենսգիրքը նպատակ ունի Ազգային ժողովում ապահովել առնվազն 52 տոկոս մանդատ ունեցող կայուն մեծամասնություն: Եթե որևէ կուսակցություն կամ դաշինք բաշխման արդյունքում ստանում է մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը (50 տոկոսից ավելի), սակայն այն պակաս է 52 տոկոսից, ապա գործում է մեծամասնության լրացուցիչ մանդատների կանոնը։
Այդ ուժին ավտոմատ տրվում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որպեսզի նրա մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ հասնի ոչ պակաս, քան 52 տոկոսի:
Ինչպես են բաշխվում մանդատները կոնկրետ օրինակով
ԿԸՀ-ն մանդատների բաշխման համար հիմք է ընդունում ոչ թե բոլոր մասնակիցների, այլ միայն անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների (դաշինքների) ստացած ձայները: Այսինքն՝ շեմը չհաղթահարած ուժերի ձայները ոչ թե փոշիանում են, այլ բաժանվում մյուսների միջև։
Ընդունենք՝ շեմը հաղթահարած երեք ուժերի հավաքած ձայների գումարը կազմում է 70 տոկոս (40+20+10), և մանդատները բաշխելիս հենց այս 70 տոկոսն է ընդունվում որպես 100 տոկոս:
Յուրաքանչյուր ուժին հասանելիք մանդատների թիվը որոշվում է հատուկ բանաձևով: Այն է՝ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:
Այսինքն՝ տվյալ ուժի ստացած ձայների թիվը բազմապատկվում է 101-ով (ԱԺ նվազագույն մանդատների թվով) և բաժանվում շեմը հաղթահարած բոլոր ուժերի ձայների ընդհանուր թվի (այսինքն՝ վերոնշյալ 70-ի) վրա:
Արդյունքում խորհրդարանական մանդատները այս երեք ուժերի միջև կբաշխվեն հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ.
-
Առաջին ուժ (40 տոկոս ձայն). 40*101/70 = 58 մանդատ:
-
Երկրորդ ուժ (20 տոկոս ձայն). 20*101/70 = 29 մանդատ:
-
Երրորդ ուժ (10 տոկոս ձայն). 10*101/70 = 14 մանդատ:
Քանի որ բաշխման արդյունքում 40 տոկոս ձայն հավաքած առաջին ուժը միայնակ ստանում է բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը (57,1 տոկոսը), ապա անմիջապես ընդունվում է Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին որոշում: Այս ուժի մանդատների քանակը արդեն իսկ գերազանցում է կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ 52 տոկոսի շեմը, ուստի նրան լրացուցիչ մանդատներ տրամադրելու անհրաժեշտություն չի լինում:
Այսպիսով, այս սցենարում քաղաքական կոալիցիա կազմելու և ընտրության երկրորդ փուլ նշանակելու կարիք չկա: 40 տոկոս քվե ստացած ուժը խորհրդարանում կունենա մանդատների բացարձակ մեծամասնությունը (մոտ 57 տոկոս) և միայնակ կձևավորի կառավարություն։
Քաղաքական կոալիցիաները
Եթե բաշխման արդյունքում որևէ ուժ միայնակ չի ստանում մանդատների մեծամասնությունը, ապա խորհրդարան անցած ուժերը պետք է կա՛մ կոալիցիա կազմեն, կա՛մ գնան ընտրությունների երկրորդ փուլի։
Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ձայների բաշխումից հետո 9 օրվա ընթացքում մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունն ստացած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ:
Եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կոալիցիան համարվում է ձևավորված։
Եթե առաջատար ուժին դա չի հաջողվում, ապա դրան հաջորդող հինգ օրվա ընթացքում խորհրդարան անցած ցանկացած այլ կուսակցություն կամ դաշինք կարող է մյուսների հետ միավորվել և նույն պայմաններով ձևավորել առնվազն 52 տոկոս ապահովող քաղաքական կոալիցիա: Նույն պայմանով՝ եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։
Ի՞նչ է արվում, երբ կոալիցիաներ չեն կազմվում
Եթե վերոնշյալ ժամկետներում որևէ կոալիցիա չի ձևավորվում, նշանակվում է Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ, որն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 35-րդ օրը, տվյալ դեպքում երկրորդ փուլը կարող է նշանակվել հուլիսի 12-ին: Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու քաղաքական ուժերը:
Երկրորդ փուլից առաջ այս երկու ուժերը կարող են իրենց շուրջ ձևավորել նոր դաշինքներ՝ ներգրավելով խորհրդարան անցած մյուս ուժերին՝ վարչապետի թեկնածուի շուրջ համաձայնության գալու դեպքում, կամ հենց իրենք՝ երկրորդ փուլ անցած առաջին և երկրորդ ուժերը, կարող են դաշինք կազմել, որի դեպքում երկրորդ փուլի մասնակից է դառնում երրորդ ուժը, որն էլ իր հերթին կարող է դաշինք ձևավորել:
Եթե երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը կամ նոր դաշինքը առաջին փուլի արդյունքներով չունենա մանդատների 52 տոկոսը, ապա նրան տրամադրվում են լրացուցիչ մանդատներ՝ կայուն մեծամասնության (52 տոկոս) հասնելու և կառավարություն ձևավորելու համար: