Ինչի՞ հետ է կապված դոլարի նկատմամբ դրամի ամրապնդումը. պարզաբանում է ԿԲ նախագահը

Բաժանորդագրվել

Կենտրոնական բանկը որոշակի գործարքներ է իրականացնում արժութային շուկայում, սակայն ֆինանսական հոսքերը չափազանց մեծ են։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Հայկական դրամի արժևորման հիմքում դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի ավելացումն է։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի հարցին, թե ինչով է պայմանավորված դոլարի նկատմամբ դրամի արժևորումը։

Նշենք, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի կենտրոնական բանկի փոխարժեքով՝ 1 դոլարը 373 դրամից էժանացել է մինչև 368 դրամ:

«Կենտրոնական բանկն արտարժութային շուկայում որոշակի գործողություններ է իրականացնում։ Մենք դա անում ենք, երբ շուկան դառնում է միակողմանի, կամ երբ շուկայում ձևավորվում է մի իրավիճակ, երբ կա առաջարկ, բայց պահանջարկ չկա, այսինքն՝ անհավասարակշռություն է: Մենք շարունակում ենք միջամտել շուկային, բայց տեսնում ենք, որ հոսքերն այնքան են մեծացել, որ փոխարժեքի վրա որոշակի ազդեցություն է լինում»,- ասաց Գալստյանը։

Նրա խոսքով՝ նման գործընթաց ընթանում է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, եվրոն ևս թանկացել է դոլարի նկատմամբ: Մինչդեռ ռուսական ռուբլու նկատմամբ իրավիճակը համեմատաբար կայուն էԼ

Ըստ Գալստյանի՝ դժվար է կանխատեսել, թե զարգացումները մեզ ուր կտանեն։ Նրա կարծիքով` եթե Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր էլ ավարտվի, մենք դրա ազդեցությունը դեռ որոշակի ժամանակահատված զգալու ենք, մասնավորաբար որոշ ապրանքների գներ (հիմնականում՝ էներգակիրներ) թանկանալու են։

Leave a comment