Իրանը կարող է հարվածել համաշխարհային թվային համակարգին․ CNN

Իրանը մտադիր է վճար սահմանել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների՝ Google, Microsoft, Meta և Amazon-ի համար՝ Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխների օգտագործման դիմաց։ Այդ մասին հայտարարել է Իրանի բանակի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։

CNN-ի փոխանցմամբ՝ միջազգային օպերատորները հիմնականում փորձում են մալուխները անցկացնել Իրանի տարածքային ջրերից դուրս՝ Օմանի հատվածով։ Սակայն առնվազն երկու կարևոր կապուղիներ՝ Falcon և Gulf Bridge International մալուխները, անցնում են Իրանի վերահսկողության տակ գտնվող ջրերով։

Փորձագետների գնահատմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) տեխնիկական հնարավորություններ ունի նման ենթակառուցվածքների նկատմամբ դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար՝ օգտագործելով մարտական սուզորդներ, փոքր սուզանավեր և ստորջրյա դրոններ։

Մասնագետները զգուշացնում են, որ նման մալուխների վնասումը կարող է հանգեցնել լայնածավալ «թվային աղետի»՝ ազդելով միանգամից մի քանի մայրցամաքների վրա։ Հնարավոր հետևանքների թվում նշվում են բանկային համակարգերի խափանումները, ռազմական կապի խնդիրները և Եվրոպայի ու Ասիայի միջև ֆինանսական փոխանցումների խաթարումը։

Իրանական քարոզչամիջոցները որպես օրինակ ներկայացնում են Եգիպտոսը, որը հարյուրավոր միլիոնավոր դոլարներ է ստանում Սուեզի ջրանցքով անցնող մալուխների հաշվին։ Սակայն միջազգային իրավունքի մասնագետները ընդգծում են, որ Հորմուզի նեղուցի իրավական կարգավիճակը տարբերվում է արհեստական ջրանցքից, և Թեհրանը պարտավոր է պահպանել գործող միջազգային պայմանագրերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment