Ներկայացնում ենք The New School-ի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Նինա Խրուշչովայի հոդվածի հայերեն թարգմանությունը:
Նինա Խրուշչովա
Ուկրաինա ներխուժելուց չորս տարի անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ միայն չհասավ փայփայած ռազմական հաղթանակին, այլեւ խարխլեց բազմաթիվ այլ հարաբերություններ, որոնք կառուցվում էին տասնամյակներ շարունակ։ Արդյունքում՝ Ռուսաստանն հայտնվեց ավելի մեկուսացված վիճակում, քան երբեւէ՝ սկսած բոլշեւիկյան հեղափոխության առաջին օրերից։
Ուկրաինա ներխուժումը բավարար էր, որպեսզի սեպ խրվի Ռուսաստանի եւ նրա դաշնակից Ղազախստանի միջեւ։ Պուտինը բազմիցս կասկածի տակ էր դրել Ղազախստանի անկախ պետականության հիմքերը եւ հայտարարել, թե նրա ժողովուրդը ձգտում է Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերի. գրեթե նույն պնդումները նա անում է Ուկրաինայի վերաբերյալ։
Այդ պատճառով, 2022 թվականի ներխուժումից հետո Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը մերժեց Կրեմլի օգնության խնդրանքները, իսկ ավելի ուշ Պուտինին ասաց, որ Ղազախստանը չի ճանաչում Ուկրաինայում Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողական շրջանները։ Նա նաեւ ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեց Թուրքիայի հետ՝ դառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջին անդամը, որը նման պայմանավորվածություն էր ձեռք բերել ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ։
Երբ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները որեւէ քայլ չձեռնարկեցին եւ անկլավի ողջ բնակչությունը՝ շուրջ 100 հազար մարդ, ստիպված եղավ լքել իրենց տները։ Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագրերի մասին եւ սկսեց սպառազինություն գնել Ֆրանսիայից ու Հնդկաստանից։ Ռուսաստանը ժամկետից շուտ դուրս բերեց իր խաղաղապահներին տարածաշրջանից։
2024 թվականի դեկտեմբերին ռուսական զենիթային հրթիռը խոցեց Azerbaijan Airlines-ի ուղեւորատար ինքնաթիռը, ինչի հետեւանքով 38 մարդ զոհվեց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Կրեմլից փոխհատուցում եւ պատասխանատվություն պահանջեց, սակայն Պուտինը գրեթե մեկ տարի հրաժարվում էր ընդունել մեղքը։ Ալիեւը ցուցադրաբար արհամարհեց Պուտինին՝ ձեռնպահ մնալով 2025 թվականի մայիսին կայացած ռուսական Հաղթանակի ամենամյա շքերթի մասնակցելուց։ Այդ ժամանակ ռուսական հատուկջոկատայինները արշավ իրականացրեցին Եկատերինբուրգի էթնիկ ադրբեջանցիների դեմ, իսկ Ադրբեջանը խուզարկեց ռուսական պետական «Սպուտնիկ» լրատվամիջոցի Բաքվի գրասենյակը՝ ձերբակալելով դրա աշխատակիցներին։
Սակայն Ադրբեջանը կարեւորագույն առեւտրային միջանցք է դեպի Իրան, որը մինչեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ձեռնարկած պատերազմի սկսվելը Ռուսաստանին մատակարարում էր անօդաչու թռչող սարքեր եւ բալիստիկ հրթիռներ։ (Ռուսաստանը փաստացի լքեց նաեւ Իրանին, երբ վերջինս հարձակման ենթարկվեց)։ Միջանցքը բաց պահելու համար Կրեմլը ստիպված էր կուլ տալ Ադրբեջանի վիրավորանքը, եւ 2025 թվականի հոկտեմբերին Պուտինը վերջապես խոստովանեց, որ ինքնաթիռը խոցել էին ՀՕՊ համակարգերն՝ հանդես գալով փոխհատուցման մասին լղոզված առաջարկով։
Թեեւ այս ներողությունը ճանապարհ հարթեց հարաբերությունների վերականգնման համար, այս դրվագը Ռուսաստանի համար լուրջ արտաքին քաղաքական ձախողում դարձավ։ Թագավորներն ու կրեմլյան առաջնորդները դարեր շարունակ հմտորեն օգտագործում էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա լարվածությունը։ Սակայն Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Պուտինը փչացրեց հարաբերությունները երկու երկրների հետ։
Սիրիայում Ռուսաստանը գրեթե մեկ տասնամյակ աջակցում էր Բաշար Ասադի վարչակարգին՝ փոխարենը պահպանելով վերահսկողությունը Տարտուսի ռազմածովային բազայի եւ Հմեյմիմի ավիաբազայի նկատմամբ։ Բայց 2024 թվականի նոյեմբերին սիրիացի ապստամբները անսպասելի հարձակում սկսեցին, որին ուկրաինական պատերազմից ուժասպառ եղած ռուսական բանակը չկարողացավ արձագանքել։ Հաշված օրերի ընթացքում ընկան Հալեպն ու Դամասկոսը, իսկ Ասադը փախավ Մոսկվա։ Այդքան ներդրումներ անելուց հետո Ռուսաստանը ձեռնունայն մնաց։
Եվրոպայում Պուտինի գործերը նույնպես լավ չեն։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վերջերս հեռացվեց իշխանությունից՝ 16 տարվա կառավարումից հետո։ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը ապահովագրում է իրեն: Սկզբում թվում էր, թե Սերբիան սատարում է Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա, սակայն հետո Վուչիչը բազմիցս հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ եւ երրորդ երկրների միջոցով (Բուլղարիա, Չեխիա եւ Լեհաստան) առնվազն $908 միլիոնի զինամթերք է վաճառել Ուկրաինա։
Վուչիչը նաեւ չեղարկել է ռազմական պայմանագրերը ռուսական զենք մատակարարողների հետ՝ փոխարենը Ֆրանսիայի հետ ստորագրելով $3,2 միլիարդի գործարք՝ 12 կործանիչ գնելու համար։ Սակայն Պուտինը դեռ նախընտրում է չարձագանքել։ Նրա համար ամենաանցանկալին Եվրոպայում ունեցած վերջին դաշնակիցներից մեկի վերջնական կորուստն է:
Պուտինի հին «հաճախորդը»՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ազատ է արձակել քաղբանտարկյալներին՝ փորձելով բարելավել հարաբերությունները Արեւմուտքի հետ, եւ նույնիսկ կապ է հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թեեւ «Եվրոպայի վերջին բռնապետը» չի խզում կապերը Կրեմլի հետ, նա նահանջի ճանապարհներ է պատրաստում՝ բարձրացնելով խաղադրույքները։
Մինչ ուկրաինական պատերազմը, Ռուսաստանն ու Չինաստանը ներկայանում էին որպես արեւմտյան գերիշխանությանը դիմակայող երկու մեծ տերություններ եւ Ուկրաինա ներխուժումից կարճ ժամանակ առաջ գովերգում էին իրենց «անսահմանափակ գործընկերությունը»։ Սակայն այսօր այդ հարաբերություններն ավելի շատ հիշեցնում են հաշվարկով անհավասար ամուսնություն, քան հզոր հավասարների դաշինք։ Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է երկակի նշանակության ապրանքներ, ինչպիսիք են միկրոէլեկտրոնիկան եւ հաստոցները, բայց ոչ զենք, իսկ Ռուսաստանը Չինաստանին նավթ ու գազ է վաճառում զեղչված գներով։
Թերեւս Ռուսաստանի ամենահավատարիմ ընկերն այսօր Հյուսիսային Կորեան է, որն ավելի քան 10 հազար զինվոր էր ուղարկել Կուրսկի մարզ՝ 2024 թվականի օգոստոսին Ուկրաինայի ներխուժումից հետո։ Բայց նույնիսկ այս հարաբերությունները շահադիտական են՝ հիմնված ընդհանուր անվստահության եւ Արեւմուտքի հանդեպ թշնամանքի վրա։
Պուտինը հավատում էր, որ Ուկրաինա ներխուժումը կվերականգնի Ռուսաստանի գերտերության կարգավիճակը, կխարխլի արեւմտյան ազդեցությունը եւ կարագացնի անցումը դեպի բազմաբեւեռ միջազգային կարգ։ Փոխարենը՝ այն կործանեց վստահությունը Կրեմլի՝ որպես գործընկերոջ եւ դաշնակցի հանդեպ։ Ռուսաստանը դեռեւս միջուկային զենք, մշտական տեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւ էներգետիկ հսկայական պաշարներ ունի, սակայն ուկրաինական պատերազմը էապես հյուծեց նրան եւ խլեց ուժի դիրքերից հանդես գալու ու համաշխարհային անցուդարձի վրա ազդելու հնարավորությունը:
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org