ՌՈւԵ-ն դիմել է ՀՀ կառավարությանը՝ Սբ. Նիկողայոսում ժամերգություններ անցկացնելու համար

Բաժանորդագրվել

Սուրբ Նիկողայոս Հրաշագործի տաճարը հնագույն ուղղափառ տաճարներից մեկն է Հայաստանի տարածքում:

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները բանակցություններ են վարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ՝ Ստեփանավանի Ամրակից գյուղում գտնվող Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցին ՌՈւԵ-ին օգտագործման հանձնելու հնարավորության շուրջ:

Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայոց թեմի քարտուղար, ավագերեց Արսենին:

Այն վերջին շրջանում վերականգնվել է պետական միջոցների հաշվին, աշխատանքներն ավարտվել են 2026 թվականի մարտի սկզբին:

«Տաճարում ժամերգությունները դեռևս չեն վերսկսվել, քանի որ ներկայումս նախարարության հետ բանակցություններ ենք վարում եկեղեցին ՌՈւԵ-ին հանձնելու կամ տաճարի համատեղ օգտագործման ձևաչափ ստեղծելու հնարավորության շուրջ: Այս հարցը քննարկվում է, և մենք սպասում ենք պատասխանի»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ Սուրբ Նիկողայոս Հրաշագործի տաճարը Հայաստանի տարածքում գործող ամենահին ուղղափառ տաճարներից է: Երկար ժամանակ շենքը եղել է վթարային վիճակում և մասշտաբային վերականգնողական աշխատանքների կարիք է ունեցել:

Ավելի վաղ օբյեկտը հետազոտել էին շինարարության ոլորտի մասնագետները, որոնք մատնանշել էին կոնստրուկցիաների կրիտիկական վիճակը: Ըստ նրանց գնահատման՝ տաճարը պետք էր կա՛մ կապիտալ վերականգնել, կա՛մ փաստացի վերակառուցել՝ պահպանելով պատմական ճարտարապետական տեսքը: Հետագայում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նախաձեռնվեցին վերականգնողական աշխատանքները:

«Ես բազմիցս այցելել եմ օբյեկտ վերականգնման ընթացքում և տպավորված էի ինչպես որակով, այնպես էլ իրականացված աշխատանքների տեմպերով: Հիմքի և կամարների ամրացման զգալի ծավալի աշխատանք է կատարվել: Այսօր տաճարը լիովին վերականգնված է և գերազանց վիճակում է»,-հայտարարեց ավագերեց Արսենին:

Սուրբ Նիկողայոս Հրաշագործի տաճարը կառուցվել է 1846 թվականին Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ուղղափառ համայնքի համար: 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եկեղեցին դադարել է գործել: 1988 թվականի երկրաշարժի ժամանակ տաճարի պատերն ու տանիքը վնասվել էին:

Լոռվա բերդի և Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցու վերականգնողական աշխատանքները մեկնարկել էին 2024 թվականին:

Leave a comment