«Առեւտրաարդյունաբերական պալատների մասին», «Պետական տուրքի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի ընդունումը միտված է ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման եւ փորձաքննության անցկացման կարգի պարզեցմանը, հստակեցմանը, կանոնակարգմանը եւ կատարելագործմանը, ինչպես նաեւ փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջների ու փորձագետների որակավորման եւ քննության անցկացման կարգի սահմանմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի տեղեկացմամբ ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումը կիրականացվի պետական մարմնի՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ մեկ պատուհանի գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
Վերոնշյալով պայմանավորված՝ իրավական հստակեցումներ պահանջող նոր կարգավորումներ են կատարվում համապատասխան օրենքներում ու որոշումներում:
Ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման համար կսահմանվեն տուրքերի համապատասխան վճարներ:
Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում եւ ստացել դրական եզրակացություն: