ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամթի նախաձեռնած՝ Հորմուզի նեղուցով անցնող նավերի ապահովագրական ծրագիրը փաստացի չի գործել։ Այդ մասին գրում է Financial Times-ը։
Խոսքը շուրջ 40 միլիարդ դոլար արժողությամբ նախագծի մասին է, որի շրջանակում ԱՄՆ-ը հայտարարել էր, թե կապահովագրի այն նավերը, որոնք կցանկանան անցնել Հորմուզի նեղուցով։ Սակայն, ինչպես նշում է պարբերականը, ծրագրի մեկնարկից երկու ամիս անց չի տրամադրվել նույնիսկ մեկ դոլարի ապահովագրական ծածկույթ։
ԱՄՆ կառավարությունը ծրագրին ներգրավել էր Chubb և AIG ապահովագրական ընկերություններին։ Այնուամենայնիվ, աղբյուրների փոխանցմամբ, նախաձեռնությունը մինչ այժմ չի կիրառվել, թեև տարածաշրջանում ապահովագրական սակագները շարունակում են մնալ նախապատերազմյան մակարդակից մի քանի անգամ բարձր։
Ապահովագրական բրոքերների խոսքով՝ ծրագիրը չի իրականացվել, քանի որ չի համապատասխանել նեղուցով անցնող նավերի համար սահմանված բոլոր պահանջներին։ Բացի այդ, այն կապված էր ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղեկցության հետ, որը դեռևս ամբողջությամբ չի կազմակերպվել։
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին ԱՄՆ-ը «Project Freedom» գործողության շրջանակում ուղեկցել էր երկու նավի անցումը Հորմուզի նեղուցով, սակայն դրանից հետո ամերիկյան ռազմական աջակցություն այլ նավերի չի տրամադրվել։