Քննչական մարմինները Փաշինյանի ենթակայությա՞մբ կգործեն. «իրավական» պետության նոր մոդելը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությունը, թե իրավական տեսանկյունից զարգացած երկրներում քննչական մարմինները անկախ չեն, իսկ նման մոդելը բնորոշ է պոստսովետական պետություններին, ոչ միայն վիճահարույց է, այլև վտանգավոր՝ հատկապես Հայաստանի նման փխրուն ինստիտուցիոնալ համակարգ ունեցող երկրի համար։

Եվրոպական փորձի հղումը այս համատեքստում մանիպուլյատիվ է։ Այո, մի շարք եվրոպական երկրներում քննչական մարմինները ֆորմալ առումով կարող են գտնվել գործադիրի ենթակայության տակ, սակայն այնտեղ գործում են բազմաշերտ հակակշիռներ՝ անկախ դատական համակարգ, ուժեղ խորհրդարանական վերահսկողություն, կայացած քաղաքական մշակույթ և իրավական ավանդույթներ։ Այդ երկրներում իշխանության կենտրոնացումը հավասարակշռվում է իրական վերահսկողությամբ։ Հայաստանում այդ մեխանիզմները կա՛մ բացակայում են, կա՛մ գործում են ձևական մակարդակում։

Պոստսովետական պետությունների օրինակը, որին ակնարկում է նախարարը, հակառակ արդյունքն է ցույց տալիս․ հենց այդ երկրներում է, որ «անկախ» կամ իշխանությանը ենթակա քննչական մարմինները վերածվել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Քննչական համակարգը օգտագործվել է ընդդիմախոսներին ճնշելու, քաղաքական պատվերներ իրականացնելու և իշխանության վերարտադրությունն ապահովելու համար։ Այս փորձը ոչ թե օրինակ է, այլ նախազգուշացում։

Եթե նոր Սահմանադրությամբ Հայաստանի քննչական մարմինները դառնան Կառավարությանը կամ վարչապետին ենթակա, ապա փաստացի կկայանա մի մոդել, որտեղ նույն քաղաքական իշխանությունն է որոշելու՝ ում նկատմամբ հարուցել գործ, ում գործը «մոռանալ» և ում նկատմամբ կիրառել խստագույն միջոցներ։ Սա խախտում է իշխանությունների տարանջատման հիմնարար սկզբունքը և քայքայում արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը։

Արդեն այսօր հասարակության լայն շրջանակների մոտ կա ընկալում, որ քրեական հետապնդումները հաճախ կրում են ընտրովի բնույթ։ Քննչական մարմինների լիարժեք ենթարկումը գործադիրին այդ ընկալումը կվերածի համակարգային իրականության։ Արդյունքում դատարանները կդառնան ոչ թե արդարության հարթակ, այլ քաղաքական որոշումների ձևական հաստատողներ։

Ավելին, նման փոփոխությունը վտանգավոր է նաև երկարաժամկետ առումով։ Իշխանությունները փոփոխվում են, իսկ ստեղծված լծակները մնում են։ Այսօր դրանք կարող են ծառայել գործող վարչապետին, վաղը՝ նրա իրավահաջորդին՝ անկախ նրանից, ով կլինի նա։ Սա պետությունը դնում է մշտական քաղաքական ռեպրեսիայի ռիսկի տակ։

Այսպիսով, Սրբուհի Գալյանի հայտարարությունը պետք է դիտարկել ոչ թե որպես տեխնիկական իրավական քննարկում, այլ որպես ազդակ՝ իշխանության կենտրոնացման հերթական քայլի մասին։ Հայաստանի համար խնդիրը ոչ թե քննչական մարմինների «կախված» կամ «անկախ» լինելու ձևական կարգավիճակն է, այլ դրանց իրական պաշտպանվածությունը քաղաքական միջամտությունից։ Իսկ առաջարկվող մոդելը այդ պաշտպանությունը ոչ թե ամրապնդում, այլ վերացնում է։

Նարե Գնունի

Leave a comment