Հեռախոս ունենալը դեռ իրականությունը տեսնելու երաշխիք չէ

Տիկին Ավանեսյան, ձեր գրառումը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան կտրված եք իրականությունից։ Դուք ի՞նչ գիտեք ի՞նչ է նշանակում թիրախային թերապիայի դեղեր հայթայթել։ Մարդիկ այսօր ոչ թե «պետություն» ունեն իրենց մեջքին, այլ դեղատների և բարեգործական հիմնադրամների դռներին կանգնած ծնողներ, որոնք սոցիալական ցանցերով և ծանոթ-բարեկամով օնկոլոգիական դեղեր են հայթայթում։

Խոսում եք ապահովագրությունից, բայց լռում եք այն մասին, որ քաղցկեղով հիվանդները ամիսներով չեն կարողանում ձեռք բերել կենսական նշանակության դեղեր։ Դուք կենսական դեղերի գներից տեղյա՞կ եք։ Դուք գիտե՞ք՝ ի՞նչ պրոգրեսիայով են թանկանում դեղերը։ Դուք գիտե՞ք՝ դեղերի ի՞նչ դեֆիցիտ կա, կամ ի՞նչ որակի են եղածները։

Ձեր նախընտրական ապահովագրությունը իրականացվում է բացառապես բժիշկների հաշվին, և սա ընդամենը ընտրակաշառք է։ Ձեր իշխանության օրոք առողջապահությունը դարձրել եք PR-ի և ֆեյսբուքյան գրառումների ոլորտ։

Եթե իսկապես վստահ եք, որ որ ժողովուրդն իր մեջքին պետություն ունի, ապա փորձեք ինքներդ ձեզ պատասխանել՝ քանի՞ ընտանիք է այսօր դեղերի գումար հայթայթում սոցիալական ցանցերով, քանի՞ օնկոլոգիական հիվանդ է բուժումը կիսատ թողնում թանկ դեղերի պատճառով, քանի՞ մարդ է ստիպված լինում արտերկրից «սև ճանապարհով» դեղ բերել, որովհետև Հայաստանում այն կամ չկա, կամ անհասանելի է, քանի՞ մարդ է ամեն ինչ վաճառում, լքում երկիրը, որ հանձնվի այլ երկրներում, որ կյանքը փրկելու հնարավորություն ունենա։

Հեռախոս ունենալը դեռ իրականությունը տեսնելու երաշխիք չէ։ Երբեմն պետք է պարզապես իջնել ուրախ ավտոբուսից և տեսնել սովորական մարդկանց կյանքը։

Leave a comment