Իրանը շուտով կներկայացնի Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկման մեխանիզմը. Ազիզի

Բաժանորդագրվել

Ազիզին նշել է, որ նեղուցը փակ կմնա այսպես կոչված «Ազատություն» նախագծի մասնակիցների համար։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Իրանը նախապատրաստել է և շուտով կներկայացնի Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկման մեխանիզմը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին:

«Իրանն ազգային ինքնիշխանության իրավունքի և միջազգային առևտրի անվտանգության ապահովման շրջանակներում նախապատրաստել է Հորմուզի նեղուցում հատուկ առանձնացված երթուղով նավագնացության վերահսկման մասնագիտական մեխանիզմ, և շուտով այն կներկայացվի», – գրել է Ազիզին Х սոցցանցի իր պաշտոնական էջում:

Խորհրդարանականը հավելել է, որ մշակված մեխանիզմի համաձայն՝ Հորմուզի նեղուցով անցնելու իրավունք կունենան միայն առևտրային նավերը և Իրանի հետ համագործակցող կողմերը: Իսլամական Հանրապետությունը մեխանիզմի շրջանակներում մատուցվող հատուկ ծառայությունների համար կիրականացնի գանձում:

Ազիզին նշել է, որ նեղուցը փակ կմնա այսպես կոչված «Ազատություն» նախագծի մասնակիցների համար։

Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ 15 հազար զինվորական և ավելի քան 100 ինքնաթիռ կներգրավվեն Հորմուզի նեղուցով նավերի անցկացման «Ազատություն» գործողության մեջ:

Leave a comment