2026թ. մայիսի 15-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտում (Ավետ Ավետիսյան, 47) ցուցահանդեսների բացմանը բնորոշ աղմուկ չկար։ Մարդիկ խոսում էին ցածրաձայն, երկար կանգնում լուսանկարների առաջ, լռում։ Դահլիճում ներկա էին զոհված երեխաների ծնողներն ու հարազատները։
Պատերազմից հետո հայկական հանրային դաշտում կորուստը հաճախ ներկայացվել է կամ թվերի լեզվով, կամ ցավի բաց ցուցադրությամբ։ Բայց ժամանակի ընթացքում նույնիսկ ամենասարսափելի թվերն են դադարում ազդել, իսկ անդադար կրկնվող ողբերգական պատկերները՝ բթացնում զգացողությունը։
Այդ պահին մարդու մասին ամենաշատը սկսում են պատմել ոչ թե պատերազմի կադրերը, այլ նրա բացակայությունից մնացած առարկաները՝ աշխարհագրություն սիրող երեխայի քարտեզը, սենյակում մնացած խաղալիքը, ընտանեկան լուսանկարը։
Այդ դետալներն են կորուստը վերադարձնում իր իրական չափին, որովհետեւ հիշեցնում են ոչ թե մահը, այլ կիսատ մնացած կյանքը։
«Մանկությունը՝ նշանառության տակ» ցուցահանդեսը լուսանկարիչ Անի Գեւորգյանի եւ լրագրող Շուշան Փափազյանի համատեղ նախագիծն է, որը վավերագրում է 2016-2023 թվականների ընթացքում Արցախում զոհված երեխաների պատմությունները։
Նրանք բոլորը զոհվել են տան կամ դպրոցի բակում։
Հեղինակները փորձել են հեռանալ պատերազմի վիզուալ ուղիղ պատկերումից՝ կենտրոնանալով կորստից հետո մնացած առարկաների, լռության եւ ընտանիքների առօրյայի վրա։
Պատերազմի մասին խոսելը միշտ բարդ է, հատկապես երբ խոսքը երեխաների զոհվելու մասին է։
«Թվում է՝ հնարավոր չէ այնպես արտահայտվել, որ դիմացինը հասկանա ցավի խորությունը։
Բայց պետք է գտնել բառեր, պետք է խոսել դրա մասին, որովհետեւ հնարավոր չէ վիշտը պահել ներսում», – բացմանն ասել է Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը։
«Առանձնահատուկ շնորհակալ ենք ընտանիքներին, որ մեզ վստահել են ամենակարեւորը՝ իրենց երեխայի հիշատակը։ Այս ցուցահանդեսը այդ հիշատակը վառ պահելու ձեւերից մեկն է», – նշել է Շուշան Փափազյանը։
Անի Գեւորգյանը խոսել է կատարված աշխատանքի էթիկական կողմի մասին՝ նշելով, որ իրենց համար կարեւոր էր այս նախագիծը չվերածել «տխուր պատմությունների որսի»։
«Մեզ համար շատ կարեւոր էր, որ այս պատմությունները փոխանցվեն կոռեկտ եւ զուսպ՝ հարգելով թե՛ վիշտը, թե՛ հիշատակը», – շեշտել է լուսանկարիչը։
Ցուցահանդեսի համադրող Ռուբեն Արեւշատյանը նշել է, որ նախագծի հիմնական մարտահրավերը եղել է լրագրողական նյութը արվեստի տարածքում ներկայացնելը։
«Արվեստը միջոց է հաղթահարելու մահն ու կորուստը։ Այս տարածքում լրագրողական նյութը պետք է ստանար արվեստային մեկնաբանություն», – ավելացրել է նա։
Ցուցադրությունում փորձ է արվել կարեւորել նաեւ այն դետալները, որոնք պատմություններին «այլաբանական նոր իմաստ» են տալիս։
Երեկոյի ավարտին մարդիկ շարունակում էին դանդաղ շրջել սրահում։ Ոմանք կարդում էին պատմությունները մինչեւ վերջ, մյուսները երկար կանգնում էին լուսանկարների առաջ՝ առանց խոսելու։ Լռությունը, թերեւս, ցուցահանդեսի ամենաճշգրիտ արձագանքն էր։
Ցուցահանդեսը Ժամանակակից արվեստի ինստիտուտում գործելու է մինչեւ հունիսի 7-ը։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյան