«Սեւ ամպեր են կուտակվում» Սյունիքի մարզպետի գլխին


Ներքաղաքական

«Իրավունք»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիք կատարած Նիկոլ Փաշինյանի այցն իշխանական շրջանակներում արդեն իսկ գնահատվում է որպես լուրջ քաղաքական ձախողում։ Մասնավորապես, ըստ նույն աղբյուրների, Փաշինյանի ընդունելությունը Մեղրիում, Քաջարանում, Կապանում եւ Ագարակում ակնհայտորեն չի համապատասխանել այն պատկերին, որը մինչ այդ ներկայացվում էր՝ ըստ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հավաստիացումների: Տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում Փաշինյանին դիմավորած քաղաքացիների զգալի մասը հավաքվել է մարզպետարանի վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում։ Փաստացի, մարզպետարանը փորձել է պատրանք ստեղծել, թե Սյունիքում իշխանության դիրքերը ամուր են, մինչդեռ իրական պատկերը լրիվ այլ է եղել։

Ասում են՝ հատկապես Մեղրիում եւ Քաջարանում Փաշինյանի հանդեպ ցուցաբերված սառը վերաբերմունքը կատաղության է հասցրել վերջինիս։ Նույնիսկ խոսվում է այն մասին, որ իրավիճակը վերահսկելու եւ «փրկելու» նպատակով Փաշինյանը ստիպված է եղել օգնության կանչել կապանցի պատգամավոր Դավիթ Դանիելյանին, քանի որ մարզային կառույցները չեն կարողացել ապահովել սպասված մթնոլորտը։ Մինչդեռ նույն Դանիելյանի առաջադրվելն այս ընտրություններում չեղարկվել էր ՔՊ վարչության որոշմամբ, ընդ որում՝ կան հիմնավոր կասկածներ, որ դա էլ է եղել մարզպետ Ղուկասյանի ջանքերով:

Այսպիսով՝ պայթել է իշխանական քարզչամեքենայի այն միֆը, թե Սյունիքում իրավիճակը լիովին վերահսկելի է, իսկ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարողացել է «կայունացնել» սյունյաց քաղաքական դաշտը։ Այս այցից հետո Փաշինյան Նիկոլի աչքերը լրիվ բացվել են:

Ուշագրավ է, որ ընդդիմադիր համայնքապետերից Փաշինյանին հրապարակային դիմավորել է միայն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: Այն էլ՝ ըստ շրջանառվող լուրերի, մարզպետի միջամտությունից եւ որոշակի «երաշխիքներից» հետո։ Քաղաքական կուլիսներում խոսվում է, թե Առուշի նիկոլաֆիկացումը պայմանավորված է եղել իր նկատմամբ հարուցված քրեական գործերը «ջրելու» խոստումներով: Իսկ, օրինակ, նույն սպառնալիքների տակ գտնվող Կապանի համայնքապետ Մանվել Փարամազյանն այդպես էլ Փաշինյանին չի դիմավորել՝ ակնհայտորեն դիստանցավորվելով վերջինիցս:

Այսքանից հետո՝ իշխանական շրջանակներում արդեն խոսում է, որ Սյունիքի մարզպետի գլխին «սեւ ամպեր են կուտակվում», եւ չի բացառվում, որ ձախողված պատկերի համար Ղուկասյանն առաջիկայում պաշտոնանկ արվի: Այդ ամենի լավագույն ապացույցը, ըստ իշխանական աղբյուրների, հենց այցի ավարտի կադրերն են, որտեղ ակնհայտ է Փաշինյանի սառն ու դժգոհ վերաբերմունքը մարզպետի նկատմամբ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment